շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում նշել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման պայմանը․ պետնախարար

Արցախում նշել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման պայմանը․ պետնախարար

Առաջիկայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ չեն լինի։ Ցանկացած քննարկման արդյունավետություն ապահովող պայմաններ են պետք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Մենք չենք կարող հանդիպումներ անցկացնել հանուն հանդիպման։ Դրանք պետք է անցկացվեն կոնկրետ հարցեր քննարկելու համար։ Հիմա գնդակը Ադրբեջանի կողմում է, բոլորը պետք է ստիպեն Ադրբեջանին կատարել իր պարտականությունները։

Լաչինկսի միջանցքն ապաարգելափակելու անհրաժեշտության մասին Հաագայի դատարանի որոշումն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ կա միայն մի կողմ, որը պարտավորություններ ունի։ Դա Ադրբեջանն է։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, մենք կարող ենք նստել եւ շարունակել քննարկել այն խնդիրները, որոնք այժմ առաջացել են հենց Բաքվի գործողությունների արդյունքում։

Քանի դեռ Ադրբեջանը իր պարտավորությունները կատարելու պատրաստակամություն չի ցուցաբերել, ո՞րն է մեր քննարկումների իմաստը։ Արցախն ու Ադրբեջանը ուղիղ հակառակ շահեր են հետապնդում։ Բաքուն, օգտվելով պատերազմի արդյունքներից եւ հետպատերազմական իրավիճակից, փորձում է հնարավորինս շատ պահանջներ առաջ քաշել։ Բայց մենք նույնպես կարմիր գծեր ունենք, եւ մատնանշում ենք թույլատրելի ու անթույլատրելի գծեր, որոնց շուրջ կարող են եւ չեն կարող քննարկումներ ու բանակցություններ լինել։

Վերջերս Արցախի նախագահը հայտարարեց, որ մենք կողմնակից ենք ցանկացած քննարկման, որը կարող է հանգեցնել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։ Բայց այդ քննարկումները պետք է անցկացվեն միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նպատակն այն է, որ երրորդ կողմի մասնակցությամբ պահպանվի անհրաժեշտ հավասարակշռությունը, որպեսզի բանակցությունները տեղի ունենան ոչ թե թույլի դեմ ուժեղի ձեւաչափով, այլ իրավական դաշտում, միջազգային իրավունքի դաշտում։ Դրա համար պետք է լինի այնպիսի մասնակից կամ մասնակիցներ, որոնք կարող են երաշխավորել քննարկումների արդյունավետությունը եւ կողմերի իրավահավասարությունը։

Արցախի հնազանդության մասին Ադրբեջանի մշտական խոսակցություններն արդեն իսկ վկայում են այն մասին, որ Բաքուն խնդիրներ ունի այդ նպատակին հասնելու հետ կապված։

Նախորդ շփումներն ու հանդիպումները, երբ քննարկվում էին տեխնիկական կամ ենթակառուցվածքների անխափան աշխատանքի հետ կապված հարցեր, նշանակում են, որ Ադրբեջանը հասկանում է, որ իր նպատակների իրականացումն անտեսանելի է։

Վերջին հանդիպման հետ կապված Ադրբեջանը հայտարարություն է տարածել ինչ-որ ինտեգրման մասին, բայց մենք որոշել ենք, որ քննարկումներ կամ շփումներ կարող են լինել միայն այն խնդիրների շուրջ, որոնք կան։ Դրանք ներառում են գազի եւ էլեկտրամատակարարման խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ ճանապարհի արգելափակման վերացումը։

Մենք դրսեւորեցինք կառուցողականություն եւ դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեցինք, որ ադրբեջանցիները կարող են մեկ այց կատարել եւ համոզվել, որ Արցախի հանքերը խնդիրներ չեն ստեղծում մերձակա ադրբեջանական բնակավայրերի համար։ Բայց մենք այս մոտեցումից նույնպես հրաժարվեցինք, քանի որ ստեղծված մթնոլորտում անիմաստ էր որեւէ հարց քննարկել։

Ինչ վերաբերում է էքսպանսիոնիստական մտադրություններին, ապա Բաքուն միշտ էլ աչքի է ընկել նման մոտեցումներով։ Մենք հասկանում ենք, որ պետք է հասնենք մի կետի, որտեղ բոլորը պետք է սթափ գնահատեն իրավիճակը եւ փորձեն հարցը լուծել միջազգային իրավունքի շրջանակներում։ Ադրբեջանը կամ ինքը, կամ միջազգային խոշոր խաղացողների ճնշման տակ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, որոնցում կլինի վերը նշված բովանդակությունը»,- հավելել է պետնախարարը։

  • Կիսվել: