կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում նոր նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության

Արցախում նոր նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության

Փետրվարի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այն ներկայացրել է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Առստամյանը:

Նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության: Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում, ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

Նախագծի ընդունմամբ` կապահովվի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու պաշտպանության կազմակերպման և իրականացման հետ կապված միջոցառումների լիարժեք կատարումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հավաքներին ներգրավված քաղաքացիներին զբաղվել նաև իրենց առօրյա հոգսերով:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

 

  • Կիսվել: