կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 9-ից

Արցախում միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 9-ից

Արցախում բուհերի ընդունելության միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 9-ին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը:
 
«Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Հունիսի 13-ին  քննություն կկազմակերպվի  «Օտար լեզու», 16-ին՝ «Մաթեմատիկա», 20-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 23-ին՝ «Կենսաբանություն», 27-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից: Քննական հինգ կենտրոններն արդեն կահավորված են, անհրաժեշտ տեսախցիկները և պատճենահանող սարքերը`  տեղադրված, որպեսզի քննություններն անցկացվեն ըստ կարգի: Բոլոր դիմորդները ստացել են իրենց անցաթղթերը, տեղյակ են, թե որ քննական կենտրոնում է լինելու իրենց միասնական քննությունը: Քննությունները կսկսվեն առավոտյան` ժամը 09:30-ին, բայց դիմորդները պետք է ներկայանան քննական կենտրոն ժամը 08:30-ին՝ ձեռքի տակ  ունենալով անցաթղթերը և անձը հաստատող փաստաթուղթը: Գրիչները և մնացած անհրաժեշտ պարագաները նրանց տեղում կտրամադրեն»,-մանրամասնել է Յու. Քարամյանը:
 
ԳԹԿ տնօրենի խոսքով՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ՝ այս տարի բոլոր ուղղություններում դիմորդների թվի նվազումն ակնհայտ է:
 
«Բայց եթե այս տարվա շրջանավարտների և դիմորդների թվի տոկոսային հարաբերությունը դիտարկենք, ապա, նախորդ տարվա համեմատ, այն պահպանվում է: Շրջանավարտների 65 տոկոսը կհանձնի միասնական քննություններ: Ունենք նաև շրջանավարտներ, ովքեր կհանձնեն ներբուհական քննություններ, որոնք կանցկացվեն հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 8-ը: Գրաֆիկը հաստատվել է ԳԹԿ տնօրինության կողմից և ուղարկվել  համապատասխան համալսարաններ, որտեղ քննությունները անց են կացվելու տվյալ բուհի առարկայական հանձնաժողովների կողմից, որոնց կազմը հիմնականում հաստատված է: Տվյալ բուհերում դիմորդներին կտրամադրվեն անցաթղթերը»,-նշել է մեր զրուցակիցը:
 
ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է, որ այս տարի ևս կան դիմորդներ, ովքեր հայտագրվել են հայաստանյան բուհեր ընդունվելու համար: Այդ տոկոսային հարաբերությունը ևս պահպանվել է:
 
«Մեծ թիվ են կազմում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվելու համար հայտագրված դիմորդները: Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 27-ին: Բոլոր դիմորդներին հաջողություն ենք  մաղթում»,-ընդհանրացրել է ԳԹԿ տնօրենը:

  • Կիսվել: