Վերջին տարիներին ամենամեծ արդյունքն Արցախում արձանագրվել է էներգետիկայի ոլորտում․ Արայիկ Հարությունյան
Համահայկական ուսանողական ֆորումի շրջանակներում նախօրեին Շուշիում կազմակերպվել է «ՀՀ տնտեսական հեղափոխությունը և Արցախը» թեմայով թրեյնինգ:
թրեյնինգին Արցախի նախկին վարչապետ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վերջին տարիներին Արցախում գրանցված տնտեսական աճի բարձր տեմպերը, անդրադարձել տնտեսական հեղափոխության հիմնական դրույթներին:
«Մեր երկրում առաջին հերթին տնտեսական հեղափոխությունն ասոցացվում է տնտեսական աճի բարձր տեմպերի հետ: Պետք է նշեմ, որ վերջին 12 տարում Արցախում գրանցվել են տնտեսական աճի բարձր տեմպեր, և տնտեսության զարգացման քայլերն այսօր էլ շարունակական են»,- ասել է Արցախի նախկին վարչապետ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը
Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխության արդյունքը պետք է լինի շարունակական տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը, իսկ վերջին տարիներին ամենամեծ արդյունքն Արցախում արձանագրվել է էներգետիկայի ոլորտում, և ճիշտ կառավարման մոդելի արդյունքում հնարավոր է տնտեսական աճի շարունակական բարձր տեմպեր ապահովել:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշում է, որ համաշխարհային տնտեսական շուկաներում այսօր զարգացումները տարբեր են։
«Կապված պահանջարկի և առաջարկի հետ՝ այսօր այն տնտեսական երևույթները, որոնք կային մեր կյանքում, փոխարինվել են նոր տնտեսական թեորիաներով, ինչպիսիք են սպասումները: Մեր օրերում կարևորագույն խնդիր է դարձել դրական սպասումների ձևավորումը բնակչության շրջանում: Եվ տնտեսական հեղափոխության ամենամեծ գրավականը պետք է հենց դրական սպասումների ձևավորումը լինի»,- ավելացրել է Ա. Ջավադյանը:
ՀՀ Առևտրային բանկերի միության նախագահ, ԱյԴի բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով էլ տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մարդկանց մտքի փոփոխությունն է"
«Պետական հատվածը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի մարդկանց համար: Իսկ մասնավոր հատվածը պետք է զարգանա, ունենա հեռանկարային ծրագրեր: Այլ կերպ ասած՝ պետության դերը ծառայություն մատուցող և բիզնեսին նպաստող գործառույթ ունենալն է, իսկ տնտեսության զարգացման կենսամակարդակի բարձրացման գրավականը մասնավոր հատվածինն է»,- մասնավորապես նշել է Մ. Աբրահամյանը:
Միջոցառման վերջում «Ապագան սկսվում է այսօր» համահայկական ուսանողական ֆորումին գիտելիքներով կիսվելու համար ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնվել է շնորհակալագիր: