ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում համաճարակային վիճակը լարված չէ. պարետի մամուլի հետ կապերի պատասխանատու

Արցախում համաճարակային վիճակը լարված չէ. պարետի մամուլի հետ կապերի պատասխանատու

Հանրապետությունում համաճարակային վիճակը լարված չէ և գտնվում է ԱՀ առողջապահության նախարարության մշտական հսկողության տակ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է  ԱՀ պարետի մամուլի հետ կապերի պատասխանատու Սամվել Բալայանը:

 Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հանրապետությունում կա 29 հաստատված դեպք, որից 8-ն արդեն առողջացել են, մեկուսացված է 69 քաղաքացի. թեստավորումների քանակը 581 է: Ամենաթարմ տվյալներով՝ ՀՀ ուղարկված 27 փորձանմուշի պատասխաններից՝ 26- ը բացասական է, իսկ մեկը՝ դրական։

 Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ պարետատան թեժ գիծը՝ 097 53 30 18 հեռախոսահամարն իրապես ծառայում է նպատակին, այսինքն, քաղաքացիներին հուզող հարցերին պատասխան է տրվում օպերատիվ, առաջարկվում լուծումներ՝ ըստ պարետի համապատասխան որոշումների։Թեժ գիծը գործում է առավոտյան ժամը 9։00-23։00-ն. քաղաքացիների կողմից առաջադրվող հարցերը բազմաբնույթ են:

 «Գերակշռում են հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու մասին հարցադրումները, ինչպես նաև տնտեսական գործունեությանը, առողջապահական խնդիրներին, այդ թվում՝ անհետաձգելի համարվող դեպքերին վերաբերող հարցեր են հնչեցվում»,- ավելացրեց Ս. Բալայանը։

 Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ նա տեղեկացրել է, որ ամեն ինչ կախված է իրադրությունից, նաև յուրաքանչյուրի պատասխանատվության աստիճանից:

 «Մենք պետք է գիտակցենք, որ այս հիվանդությունը լուրջ սպառնալիք է մեր կյանքի և առողջության համար: Չափազանց կարևոր է նաև տուրք չտալ ստահոդ տեղեկություններին, որոնք խիստ բացասաբար են ազդում հիվանդության դեմ պայքարի արդյունավետությանը: Հուսանք, որ օր առաջ կհաղթահարենք համավարակն ու կվերադառնանք մեր կյանքի բնականոն հունին»- նշել է Ս. Բալայանը։

  • Կիսվել: