ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների ուղղությամբ կրակելու փաստերով քրեական գործեր են հարուցվել

Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների ուղղությամբ կրակելու փաստերով քրեական գործեր են հարուցվել

Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ 2023 թ. մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածք հանդիսացող «Դավալլու տեղ» կոչվող տեղամասի մոտակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից, ազգային ատելության շարժառիթով, նույնանուն տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սլավիկ Միխայելի Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրավտանգ եղանակով զգալի չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չեն հասցրել՝ Ս. Վարդանյանի պատսպարվելու և խույս տալու պատճառով:
 
10.03.2023 թ. Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
2023 թ. մարտի 15-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից, տվյալ տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Գարեգին Վլադիկի Մեսրոպյանի, Լևոն Սուրենի Մակրդումյանի և Հարութ Շուրիկի Գրիգորյանի ուղղությամբ, նրանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ Գ. Մեսրոպյանի, Լ. Մակրդումյանի և Հ. Գրիգորյանի պատսպարվելու և խույս տալու պատճառով:
 
27.03.2023 թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
2023 թ. մարտի 19-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող՝ «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել «Բելառուս» մակնիշի, «0570PP» հաշվառման համարանիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սուրիկ Սերյանի Համբարձումյանի և Վրույր Շուրիկի Ջիվանյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Ս. Համբարձումյանի և Վ. Ջիվանյանի կողմից պատսպարվելու և խույս տալու պատճառով:
 
29.03.2023 թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
2023 թ. մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Կլազին ծյոր» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից, ազգային ատելության շարժառիթով, նույն տեղամասում առկա խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Հարութ Վլադիմիրի Հարությունյանին, Անդրանիկ Յուրիի Ղահրամանյանին, Մաքսիմ Ղուկասի Ջիվանյանին, Գարիկ Յուրիի Ղուկասյանին, Կամո Համլետի Դավթյանին, Արա Վալերիի Ադամյանին և Դավիթ Զոհրաբի Դավթյանի ուղղությամբ, նրանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Հ.Հարությունյանի, Ա.Ղահրամանյանի, Մ.Ջիվանյանի, Գ. Ղուկասյանի, Կ.Հ. Դավթյանի, Ա. Ադամյանի և Դ. Դավթյանի կողմից պատսպարվելու և խույս տալու պատճառով:
 
31.03.2023 թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
 
Վերոհիշյալ քրեական գործերով տարվում է նախաքննություն: Գործերի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:

  • Կիսվել: