երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում գործող փոքր ու միջին ընկերությունները կընդգրկվեն չինական ամենամեծ տնտեսական հարթակում

Արցախում գործող փոքր ու միջին ընկերությունները կընդգրկվեն չինական ամենամեծ տնտեսական հարթակում

Հայկական փոքր ու միջին ընկերությունները, ներառյալ Արցախում գործողներն, առաջիկայում չինական ամենամեծ տնտեսական հարթակում ընդգրկվելու հնարավորություն կունենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եվրոպա կատարած իմ այցը եզրափակվեց «Գործարար պալատների համաշխարհային համադաշնություն» (Global Confederation of Business Chambers) միջազգային տնտեսական կազմակերպության կողմից Վիեննա քաղաքում կազմակերպված GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին մասնակցությամբ: Ընդամենը մի քանի ժամվա մեջ ականատեսը եղա, թե ինչպես մոտ մեկ միլիոն չինական  փոքր ու միջին ընկերություններ մեկ պլատֆորմի միջոցով հնարավորություն ստացան մուտք գործելու եվրոպական շուկա: Իսկ աշխարհի կապիտալի շուկայում տեղի ունեցող այս սրընթաց փոփոխություններին պարտավոր ենք համարժեք արձագանքել, որպեսզի զարգացման հեռանկարների վերաբերյալ մեր կանխատեսումները ճշգրիտ հիմնավորումներ ունենան:

Ժողովը ներկայացուցչական էր, քանի որ մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների նախկին նախագահներ, վարչապետներ, նախարարներ, գործարարներ ու համաշխարհային ճանաչում ունեցող շատ այլ դեմքեր: Իմ մասնակցությունը հնարավոր է դարձել իմ մտերիմ ընկեր և բարեկամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անմիջական աջակցությամբ, ինչի համար հայտնում եմ նրան խորին երախտագիտությունս: Ուրախ եմ նաև, որ հենց նրա ընկերակցությամբ եմ մասնակցել այդ կարևոր միջոցառմանը, և շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել: Թերևս ամենահիշարժանը հանդիպումն էր այդ համաժողովը նախաձեռնած, համաշխարհային GLASE և To Joy ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր, Չինաստանում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Ջունքինգ Լուի հետ, ով հանդիսանում է չինական ՓՄՁ զարգացման ամեմանամեծ հարթակի ու դրա միջոցով աննախադեպ զարգացման պայմանների ստեղծողը (դրա շնորհիվ Չինաստանում ՓՄՁ-ների տեսակարար կշիռն արտահանման մեջ կազմում է մոտ 60 տոկոս): Շատ արդյունավետ քննարկում ունեցանք: Մենք նրան առաջարկեցինք հայկական փոքր ու միջին բոլոր ընկերությունների՝ ներառյալ Արցախում գործողների համար այդ պլատֆորմում ընդգրկվելու պայմաններ ստեղծել, ինչպես նաև գալիք տարի Հայաստան այցելել: Պարոն Լուն սիրով ընդունեց ոչ միայն մեր առաջարկը և Հայաստան այցելելու հրավերը, այլև հրավիրեց մոտ ապագայում հենց Չինաստանում շարունակելու գործնական քնարկումները: Տեղին եմ համարում նշել, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որպեսզի ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը չինական կողմը վերցնի իր վրա»,- գրել է Ա. Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետ համոզմունք է հայտնել, որ ինտեգրման այդ ճանապարհը նոր պայմաններ է ստեղծելու մեր միասնական հայրենիքի տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպերի ապահովման համար, քանի որ տեղական ընկերությունների՝ համաշխարհային շուկայում ընդգրկվելու, նոր ներդրումների ներգրավման և տեխնոլոգիական առաջընթացի կազմակերպման համար այն հուսալի հեռանկարներ է խոստանում:

 

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ օգտվելով առիթից՝ համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի նախկին վարչապետ (2009-2011թթ.)  Գեորգիոս Պապանդրեուի, Սերբիայի նախկին նախագահ (2004-2012 թթ.), Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ Բորիս Տադիչի, Բրազիլիայի նախկին նախագահ (2005-2010 թթ.) Դիլմա Ռուսեֆի և քաղաքական ու գործարար հայտնի այլ գործիչների հետ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հիմնականում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև ներկայացրել է իր դիրքորոշումը:

«Իսկ մեր դիրքորոշումը մեկն է՝ ամրացնել սահմաները, ստեղծել ուժեղ, զարգացած, հզոր պետություն, որտեղ քաղաքացին կունենա երաշխավորված սոցիալական պաշտպանություն, բարձր եկամուտ, իսկ ներքին ու արտաքին՝ վտանգների հանդեպ ապահովության լիարժեք զգացում»,- եզրափակել է Հարությունյանը:

  • Կիսվել: