երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում գազի և էլեկտրաէներգիայի վճարները մարելու համար սոցիալական որոշ խմբերի միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի

Արցախում գազի և էլեկտրաէներգիայի վճարները մարելու համար սոցիալական որոշ խմբերի միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի

Առաջիկա օրերին սոցիալական որոշ խմբերի անձանց և ընտանիքների կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն բնական գազի և էլեկտրաէներգիայի վճարները մարելու համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը:

«Սա նախարարության կողմից իրականացվող հերթական միջոցառումն է: Այդ խմբերում ընդգրկված են միայնակ մայրերը, բազմազավակ, այսինքն՝ չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ծնողները, առաջին, երկրորդ և երրորդ խմբերի՝ ընդհանուր հիվանդության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձինք, միայնակ քաղաքացիները, 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված այն ընտանիքները, ովքեր ընդգրկված են բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով տրվող դրամական աջակցության պետական ծրագրում, ինչպես նաև հինգերորդ միջոցառման շահառուները»,- ասել է Ա․Թովմասյանը՝ հավելելով, որ վճարումները կիրականացվեն Արցախփոստի բաժանմունքների միջոցով:

Նրա խոսքով՝ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառմամբ նախատեսվում է հատկացնել 40 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցություն ԱՀ-ում փաստացի բնակվող՝ չաշխատող և զինծառայության մեջ չգտնվող անձանց, ինչպես նաև երեխաներին։

«Բնականաբար, վերոնշյալ և իրականացվող այլ միջոցառումներն ու ծրագրերն ամբողջությամբ չեն լուծում շրջափակման հետևանքով ծագած բոլոր դժվարությունները, սակայն հավաստիացնում ենք, որ կառավարությունն արագ արձագանքում է ներկա իրավիճակում ծագող խնդիրներին և օգտագործելով ցանկացած հնարավորություն՝ ձգտում է լուծել բնակչության առաջնային կարիքների հարցերը»,- եզրափակել է Ա․Թովմասյանը:

  • Կիսվել: