հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում գարնանացանի մշակաբույսերի ցանքսի ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվան

Արցախում գարնանացանի մշակաբույսերի ցանքսի ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվան

Հանրապետության տարածքում ընթացիկ տարվա տեղումների քանակը նորմայից բավականին ցածր է, ինչը բացասական ազդեցությունն է ունեցել ինչպես աշնանացան, այնպես էլ գարնանացան մի շարք մշակաբույսերի ցանքատարածությունների վրա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյան:

«Հանրապետության շրջաններում արդեն իսկ կան աշնանացանի ցանքատարածքներ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և բերքահավաքի ենթակա չեն լինի: Նման հողատարածքներում հողօգտագործողները որոշ դեպքերում նախատեսում են գարնանացան մշակաբույսերի ցանքս իրականացնել կամ էլ թողնել սև ցելի տակ»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին տեղումների քանակի պակասության դեպքում երաշտի վտանգն ավելի կմեծանա: Անդրադառնալով ցանքատարածքներում իրականացվող աշխատանքներին, նա  մանրամասնել է, որ Հանրապետության տարածքում մարտի առաջին տասնօրյակից մեկնարկել և այժմ եռուն ընթացքում է այս տարվա բերքի տակ կատարված ցանքսերի խնամքը: 
Զուգահեռ շարունակվում են հողօգտագործողներին գարնանացան մշակաբույսերի սերմերի և ցանքատարածությունների նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի տրամադրման գործընթացները: «Նախորդ տարվա մարտ ամսվա երկրորդ տասնօրյակում գրանցված առատ տեղումները խոչընդոտել էին նախատեսված ժամկետներում ցանքսի իրականացմանը, որին այս տարվա գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների ցուցանիշները գերազանցել են շուրջ 5 անգամ»,-մանրամասնել է վարչության  պետը: 

Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից անվճար հիմունքներով գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրումն իրականացվելու է մինչև մայիսի 1-ը, սակայն կան նաև բացառություններ։ «Ըստ շրջանների վարչակազմերի կողմից ներկայացված հայտերի, հիմնադրամի կողմից շարունակվում է հողօգտագործողների հետ պայմանագրերի կնքման և սերմերի տրամադրման գործընթացը: Դրանք հիմնականում տրամադրվում են անվճար, բացառությամբ հաճարի և կարտոֆիլի»,- եզրափակել է Ա․ Բադալյանը:

  • Կիսվել: