երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Արցախում գարնանացանի աշխատանքներն կիրականացվեն պահուստային պաշարներով

Արցախում գարնանացանի աշխատանքներն կիրականացվեն պահուստային պաշարներով

Արցախի շրջափակման պայմաններում գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար հիմնական խոչընդոտը վառելիքի, սերմերի, պարարտանյութերի ներկրման անհնարինությունն է. մանրամասնում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը. «Որպես լուծում, գարնանացանի աշխատանքներն իրականացվելու են պահուստային պաշարների, ինչպես նաև Արցախում գործող ագրոմարկետներում առկա սերմերի և բույսերի պաշտպանության նյութերի հաշվին: Նույն կերպ է լուծվելու նաև այդ աշխատանքների համար անհրաժեշտ վառելիքի խնդիրը»։ Գրում է Ազատ Արցախ Հանրապետական թերթը։

Գերատեսչության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ունեցած հնարավորությունների սահմաններում արվելու է առավելագույնը՝ վարելահողերը գարնանացան հացահատիկային, բանջարաբոստանային, ընդեղեն, կերային և յուղատու մշակաբույսերի ցանքսով զբաղեցնելու համար: Արցախի ապաշրջափակման պարագայում նախատեսվում է լայն թափով իրականացնել գարնանացանի աշխատանքներ՝ շեշտը հատկապես դնելով բանջարաբոստանային մշակության վրա:

Գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը, նախարար Հրանտ Սաֆարյանի կարծիքով, որոշակի մեղմացնելու է շրջափակման հետևանքները. «Համապատասխան դիմումը հողօգտագործողը պետք է ներկայացնի ԱՀ գյուղատնտեսության նախարարություն, շրջաններում էլ վարչակազմ: Հայտերը փոխանցվում են Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին, ներկայումս հայտերի ընդունման փուլն է: Մասնակիորեն կսուբսիդավորվի գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքը, իսկ բանջարաբոստանային մի շարք բույսերի մշակության դիմաց կտրամադրվի անհատույց ֆինանսական աջակցություն: Սուբսիդավորման և աջակցության չափերը տարբեր մշակաբույսերի համար կլինեն տարբեր»:

Մեկնարկել է դիզվառելիքի հատկացման գործընթացը. գյուղնախարարի խոսքով՝  ԱՀ կառավարությունը փորձում է առկա սուղ պաշարների պայմաններում հնարավորինս սատարել տնտեսվարողներին. «Նախարարությունում հավաքագրվում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ դիզվառելիքի ու բենզինի հայտերը և ներկայացվում ԱՀ պետական վերահսկողական ծառայություն՝ բավարարելու նպատակով» ,- ասաց Հ. Սաֆարյանը:

  • Կիսվել: