կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արցախում դաստիարակվում է ֆիզիկապես առողջ սերունդ՝ պատրաստ դիմակայելու բոլոր դժվարություններին

Արցախում դաստիարակվում է ֆիզիկապես առողջ սերունդ՝ պատրաստ դիմակայելու բոլոր դժվարություններին

Արցախում այսօր նշվում է Ֆիզկուլտուրնիկի օրը: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը ուղերձ է հղել․

Օրվա առթիվ շնորհավորում եմ մարզական ոլորտի ներկայացուցիչներին, նրանց, որոնք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ջանք ու եռանդ չեն խնայել ու այսօր էլ, արհամարհելով ստեղծված դժվար պայմանները, շարունակում են «առողջ ոգի՝ առողջ մարմնում» սկզբունքով սերունդներ դաստիարակել:

Շրջափակման հետևանքներով պայմանավորված՝ մասսայական մարզական միջոցառումների կազմակերպում, ցավոք, հնարավոր չէր: Բայց այս հանգամանքը չպետք է թևաթափ անի, հակառակը՝ առավել մեծ եռանդով ու նվիրվածությամբ պետք է շարունակել դաստիարակել ֆիզիկապես առողջ, հոգեպես ամուր, կամքով տոկուն սերունդ, որը պատրաստ է դիմակայել բոլոր դժվարություններին և պայքարել հանուն հայկական Արցախի:

Ֆիզիկական կուլտուրայի զարգացման ուղղությունը և ոլորտի ներկայացուցիչների խնդիրները մշտապես եղել են և կլինեն մեր ուշադրության առանցքում:

Կրկին շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, մաղթում քաջառողջություն, բարօրություն, նվիրում ու կամք՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ հանուն մեծ ու փոքր հաղթանակների:

  • Կիսվել: