ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում ավելի քան 70 մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով

Արցախում ավելի քան 70 մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է ևս մեկ նոր՝ «Արևային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով: Ծրագրի շահառու հաստատություններում մասնագիտական ընկերության կողմից արդեն սկսվել են չափագրման և նախագծման աշխատանքները:

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում, երբ ունենք նաև խորացող էներգետիկ ճգնաժամ, այս ծրագիրն իսկապես առանձնահատուկ կարևորություն է ստանում: Սա նշանակում է, որ անկախ հոսանքի և գազի առկայությունից՝ սոցիալական այս հաստատություններն ապահովված կլինեն տաք ջրով: Մենք արդեն սկսել ենք աշխատանքները մասնագիտական կազմակերպության հետ, և ակնկալում ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կսկսեն տեղադրումերը»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

Այս ծրագիրը ևս, ինչպես գործակալության մյուս ծրագրերը, իրականացվում է պետական-մասնավոր գործընկերությամբ՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ: Ծրագիրն իրականցվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:

  • Կիսվել: