երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում ավելացել են բաց տարածքներում հրդեհների բռնկման դեպքերը

Արցախում ավելացել են բաց տարածքներում հրդեհների բռնկման դեպքերը

Արցախում օդի ջերմաստիճանի բարձրացման հետ կապված և քամու ուժգնացման պատճառով, ավելացել է չոր խոտատարածքներում հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգերը:

Փետրվարի 20-ին ԱԻՊԾ «911» ծառայությունում գրանցվել է բաց տարածքներում հրդեհի բռնկման 5 կանչ, որից 4-ը մայրաքաղաքում, 1-ը՝ Մարտունու շրջանում: Հրշեջ փրկարարների օպերատիվ արձագանքման և ժամանակին շիջման աշխատանքներ կատարելու շնորհիվ՝ հրդեհները չեն տարածվել և չեն հասել մոտակա շինություններին:

Փետրվարի 20-ին ժամը Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի բնակչից ահազանգ է ստացվել, նշված համայնքում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կարճ ժամանակում մեկուսացրել, այնուհետև մարել են կրակը: Այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք և թփուտներ:

Նույն օրը կեսօրին հրդեհ է բռնկվել Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում: Ժամը 13:44-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մասից, հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, իրականացրել հրդեհաշիջման աշխատանք : Այրվել է չոր խոտատարածք և թփուտներ:

Չոր խոտատարածքներում հրդեհի բռնկման մեկ այլ ահազանգ գրանցվել է ժամը 17:04-ին: Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում` «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մատակայքում մոտ 50×50 մ չոր խոտատարածք և թփուտներ են այրվել :
Փետրվարի 20-ին «911» ծառայությունում հրդեհի մասով կանչ է գրանցվել նաև ժամը 17:33-ին: Մայրաքաղաքի Հ. Գալստյան փողոցում այրվել է 10×10մ չոր խոտատարածք և թփուտներ : Փրկարարներին հաջողվել է շիջել հրդեհը և կանխել հետագա տարածումը։

Հրդեհի մեկ այլ դեպք գրանցվել է Մարտունու շրջանում: Սպիտակաշեն համայնքի` «Ավոյի աղբյուր» կոչվող տեղանքում այրվել է մոտ 3000մ2 չոր խոտատարածք, թփեր և մասնակի այրվել է երկու թթենի: Մարտունու հրշեջ փրկարարաները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:57-ին, մարել` ժամը 21:15-ին:
Հրդեհների առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Բաց տարածքներում, այգիներում կրակ վառելու դեպքում խորհուրդ է տրվում լինել հետևողական և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ:
Մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:

  • Կիսվել: