չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում արձանագրվել է որոշ ապրանքատեսակների գնաճ

Արցախում արձանագրվել է որոշ ապրանքատեսակների գնաճ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը վերլուծության է ենթարկել 2019-2020թթ. մարտ-հունիս ժամանակահատվածում հնդկաձավարի, ոսպի, շաքարավազի, «Բաղրամյան» ալյուրի, «Զոլ. Սեմեչկա» ձեթի, «Դոյարուշկա» կարագի իրացման մանրածախ գների դինամիկաները:

Նշված ներմուծվող ապրանքատեսակները արտակարգ իրավիճակի ժամանակահատվածի սկզբում որոշակի գնաճ են արձանագրել: Առավել մեծ գնաճ արձանագրվել է հնդկաձավարի և ոսպի միջին գների համար (225-298 դրամ), որի հիմնական պատճառը նշված ապրանքատեսակների դեֆիցիտն էր միջազգային շուկայում: Դիտարկված մյուս ապրանքատեսակների միջին գները աճել են 11-38 դրամ, որը պայմանավորված էր դոլարի փոխարժեքի աճով:
 
Հետագայում՝ դոլարի փոխարժեքի նվազման և դեֆիցիտի լրացման արդյունքում դիտարկված ապրանքատեսակների գները սկսել են նվազել և որոշ ապրանքատեսակների մասով նոր խմբաքանակների ներմուծման արդյունքում դեռ շարունակելու են նվազել:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազ, «Բաղրամյան» ալյուր և «Դոյարուշկա» կարագ ապրանքատեսակները իրացվել են ավելի էժան:
 
Հիշեցնենք, որ նշված ներմուծվող ապրանքատեսակները չեն իրացվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից, հետևաբար տնտեսավարող սուբյեկտները ներմուծվող ապրանքատեսակների գների վրա միակողմանի ազդելու հնարավորություն չունեն: Ինչի արդյունքում գները ձևավորվում են տնտեսական պայմանների փոփոխություններին համապատասխան

  • Կիսվել: