ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում առաջին անգամ նախատեսվում է սկսել մետաղական պղնձի արտադրություն

Արցախում առաջին անգամ նախատեսվում է սկսել մետաղական պղնձի արտադրություն

Հունիսի 18-ին պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Արցախի խոշոր հարկ վճարող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մկրտումյանի և ընկերության ներկայացուցիչների հետ:

Ընկերությունը ներկայացրել է առաջիկա ծրագրերը` կապված պղնձի հանքաքարի հիդրոմետալուրգիական մեթոդով վերամշակման արդյունքում մետաղական պղնձի փոշու արտադրություն սկսելու հետ` «Թեքնոլոջի Սոլյուշընս» ՓԲԸ-ի հետ համատեղ մշակված տեխնոլոգիաների բազայի հիման վրա:

«Այս տեխնոլոգիան թույլ է տալիս առաջին անգամ Արցախում և Հայաստանում իրականացնել մետաղական հանքավայրերում առկա օքսիդացված և մասամբ օքսիդացված պղնձի հանքաքարի տնտեսապես արդյունավետ վերամշակում: Արտադրության պրոցեսում ստացվող արտադրանքը հնարավորություն է տալիս Արցախում իրականացնել մետաղական պղնձի հենքի վրա տարատեսակ պատրաստի ապրանքների արտադրության կազմակերպում», - իր խոսքում ընդգծել է ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը, հավելելով, որ գործունեության արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և կապահովվեն պետական բյուջեի լրացուցիչ հարկային մուտքեր:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը հաջողություն է մաղթել ընկերությանը նախաձեռնված ծրագրերի իրականացման գործում` կարևորելով փոխադարձ վստահության մթնոլորտում աշխատանքների կազմակերպումը:

Այնուհետև տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ` կապված գործունեության հարկման առանձնահատկությունների հետ:

  • Կիսվել: