երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրն ընթացքի մեջ է. անդրադարձ

Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրն ընթացքի մեջ է. անդրադարձ

Հուլիսի 6-ից Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դպրոցներում գործող կետերում  որպես աջակցություն` շաքարավազ և ձեթ է տրամադրվում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության թեժ գծի օպերատոր Իննա Մանուչարյանն ասել է, որ Արցախում փաստացի ապրող ցանկացած երեխա ստանալու է իրեն  հասանելիք օգնությունը։
 
«Յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է  0,5կգ շաքարավազ և 0,5լ ձեթ։ Բաշխման գործընթացը սկսվում է  առավոտյան ժամը 10:00-ին և տևում մինչև 18:00-ն՝ հետևելով հովհարային անջատումների գրաֆիկին»,-նշել է Ի. Մանուչարյանը։
 
Մեր զրուցակիցն իրազեկել է` գործող կետերում  հերթեր են գոյանում, ինչն անտեղի է, քանի որ մինչև վերջին շահառուն չստանա աջակցության իր չափաբաժինը, ծրագիրը կշարունակի գործել։
 
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շրջկենտրոններում վերոնշյալ աջակցությունը տրամադրվում է հուլիսի 7-ից՝ ԱՀ ՍԶՄ նախարարության ստորաբաժանումների կողմից։
 
«Արցախի  մյուս համայնքներում օգնության տրամադրումը կկազմակերպվի համայնքների ղեկավարների միջոցով՝ հաջորդող օրերի ընթացքում»,-հավելել է Ա. Թովմասյանը։

  • Կիսվել: