Արցախում անասնաբուծության ոլորտի ծրագրերն ընթացքի մեջ են
Մայիսի 10-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ոլորտի պատասխանատուները, գլխավորությամբ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանի, «Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի» շրջանակում ստացված հայտերի հիման վրա ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով եղել են հանրապետության մի շարք համայնքներում:
Ըստ ԱՀ ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանի, ընդունվել են բավականին մեծ թվով հայտեր՝ անասնաշենքերի և ձկնաբուծարանների կառուցման, վերակառուցման և վերանորոգման վերաբերյալ, որոնցից գերակշռող մասին տրվել է դրական եզրակացություն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից:
Տիգրան Առստամյանի խոսքով, դրական եզրակացություն ստացածները Մարտունու շրջանի Աշան, Բերդաշեն, Գիշի, Վարանդա, Ծովատեղ, Մարտակերտի շրջանի՝ Մարտակերտ, Մոխրաթաղ և Ասկերանի շրջանի՝ Իվանյան, Խնածախ, Խնապատ, Քռասնի, Պատարա համայքների և Ստեփանակերտի բնակիչներ են: