երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում ալյուրի պաշարը բավականաչափ է, իսկ հացի պակասությունն առաջացել է ապատեղեկատվության հարուցած խուճապային գնումների պատճառով. ԳԳԱ հիմնադրամի փոխտնօրեն

Արցախում ալյուրի պաշարը բավականաչափ է, իսկ հացի պակասությունն առաջացել է ապատեղեկատվության հարուցած խուճապային գնումների պատճառով. ԳԳԱ հիմնադրամի փոխտնօրեն

Հանրապետությունում առկա է ալյուրի բավականաչափ պաշար, որը համակարգված ու եռօրյա ռեժիմով հավասարաչափ բաշխվում է հացի արտադրամասերին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Հարությունյանը՝ անհիմն խուճապային տրամադրությունների հետևանք համարելով Ստեփանակերտի խանութներում հացի մեծաքանակ գնումները, որոնք հանգեցրել են սղության:

«Եռօրյա ռեժիմով շարունակում ենք ալյուրի բաշխումը հացի արտադրամասերին: Կարգը պահպանվում է՝ բոլորին տրամադրվում է հավասարաչափ՝ իրենց արտադրական ծավալներին համապատասխան: Փաստ է, որ ալյուրի բավականին պաշար ունենք, շուտով նաև ցորենի բերքահավաքը կսկսի և ունեցածը կհամալրվի նաև այդ ընթացքում: Ինչ վերաբերում է խանութներում հացի պակասությանը, ապա խուճապ առաջացնող ապատեղեկատվության պատճառով  մարդիկ սկսել են շատ գնել հացեղեն, ինչը հանգեցրել է նման խնդրի»,- նշել է  Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փոխտնօրենը:   

Հացաթխմամբ զբաղվող «Նորայր Ավագյան» ՍՊԸ տնօրենի խոսքով՝ այսօր իրենց արտադրամասը, ըստ ներկայացրած հայտի, հիմնադրամից ստացել է համապատասխան չափով ալյուր:

«Մեր ընկերությունը հաց է մատակարարում մայրաքաղաքի շուրջ 30 խանութի: Կարծում եմ՝ հացի պակասության հետևանքով առաջացած այս խնդիրը շուտով կկարգավորվի, քանի որ քաղաքացիները կհամոզվեն, որ խուճապային գնումներն անտեղի էին»,- համոզմունք է հայտնել   Նորայր Ավագյանը: 

Անդրադառնալով շրջափակման հետևանքով հացի մատակարարման հետ կապված խնդիրներին, մեր զրուցակիցը մանրամասնել է, որ նախկինում օրական 2-3 անգամ էին հաց հասցնում իրացման կետերին, սակայն այժմ տրանսպորտային վառելիքի խնայողության համար ստիպված են  եղել այդ թիվը հասցնել մեկի՝ միևնույն ժամանակ մատակարարելով նույն ծավալի արտադրանք:

  • Կիսվել: