երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց հրաժարվողներին արտաքսում է սպասում. Զատուլին

Արցախում Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց հրաժարվողներին արտաքսում է սպասում. Զատուլին

Տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք կհրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, արտաքսում է սպասվում։ Այս մասին ՛՛Говорит Москва՛՛ ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

՛՛Անցյալ տարվա երկրորդ կեսից, դեպի Արևմուտք շրջադարձին զուգահեռ, վեկտորը փոխելու նպատակով Փաշինյանը և իր թիմն ի սկզբանե ճանաչել են 90-ականների Ալմա-Աթայի հռչակագրի առաջնահերթությունը, ըստ որի՝ միութենական հանրապետությունները ճանաչված են իրենց սահմաններում, ընդ որում՝ առանց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ վերապահում անելու, անգամ այնպիսի, որոնք այս ամբողջ ընթացքում, երկար տասնամյակներ, եղել են Մինսկի խմբի միջնորդների աշխատանքի պատճառը՛՛,-նշել է նա:

Զատուլինը կարծում է, որ Ադրբեջանը ՛՛չի նկատի երաշխիքների մասին այդ հայտարարությունները՛՛։

՛՛Լավագույն դեպքում կձևացնի, թե պատրաստվում է հայ բնակչության հետ պահպանել պարկեշտության ինչ-որ նորմեր։ Բայց տեսակետն արդեն արտահայտված է՝ հայերը պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն։ Եթե ​​չընդունեն, պետք է հեռանան այդ տարածքից։ Ոչ ոք չի արգելում որևէ պետության քարոզել իր քաղաքացիությունը, բայց առաջարկը՝ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում դուրս գալ այն տարածքից, որտեղ ապրել են ձեր նախնիները, ոչ այլ ինչ է, քան տեղահանություն։ Եվ այս առումով պատրանքներ չկան, ինձ թվում է, և հենց իրենց՝ Լեռնային Ղարաբաղի հայերի մեջ, նույնպես՛՛,-հավելել է Զատուլինը:

Նա հիշեցրել է, որ նույնիսկ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր, իսկ այժմ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության մասին խոսք չկա։ ՛՛Համենայն դեպս՝ Ադրբեջանի կողմից՛՛,-ընդգծել է քաղաքական գործիչը:

  • Կիսվել: