կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախում 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 08.02.2023թ. դրությամբ։

 

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը

 

Այս պահի դրությամբ Արցախի գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։

Ադրբեջանական կողմը, պարբերաբար արգելափակելով, ապա որոշ ժամանակ անց մասնակիորեն վերականգնելով գազամատակարարումը, նպատակ ունի հումանիտար ճգնաժամը խորացնելուց բացի, նաև ձևավորել Արցախի ժողովրդի մոտ անորոշության զգացողություն, գործադրել լրացուցիչ հոգեբանական ճնշում։

Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի և ցուրտ եղանակի պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակումը միտված է առկա հումանիտար աղետը էլ ավելի խորացնելուն։
Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծամասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից:

Գույքագրվել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակներ, սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում առկա չնչին ռեսուրսների սպառումից հետո, ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները։

 

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են առանց կացարանի և մինչ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը ընթանում էին լայնածավալ շինարարական աշխատանքներ` հիմնականում բռնի տեղահանված անձանց կացարանով ապահովելու նպատակով։
Կարմիր խաչի միջնորդությամբ 17 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար

Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ հիվանդների և շրջափակման պատճառով ընտանիքներից կտրված անձանց տեղափոխումը շարունակում է իրականացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Օրվա վիճակագրական թարմացումներ
9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 220 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 76 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 23,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

 

Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 60 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

  • Կիսվել: