հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախին տրամադրվել է պլանավորածից բարձր, աննախադեպ ծավալի աջակցություն. Ֆինանսների նախարար

Արցախին տրամադրվել է պլանավորածից բարձր, աննախադեպ ծավալի աջակցություն. Ֆինանսների նախարար

 Հայաստանը 2022 թվականին Արցախին տրամադրել է 176 մլրդ դրամի վարկ, որը բարձր է եղել նաև պլանավորածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին:

Այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

2022 թ բյուջեն կատարվել է 179.5 մլրդ դրամ պակասուրդով՝ ծրագրված 22.9 մլրդ դրամի փոխարեն: Խոսելով պակասուրդի ֆինանսավորման մասին՝ նախարարն ասաց, որ պետական պարտատոմսերի թողարկման պլանը կատարվել է ամբողջությամբ՝ 252 մլրդ դրամ: Միջազգային կազմակերպություններից ստացվել են 165 մլրդ դրամի վարկեր:

«Իրականացրել ենք մոտ 100 մլրդ դրամի մարում: Եվ Արցախին տրամադրված վարկը կազմել է 176 մլրդ դրամ, որը բարձր է եղել նաև պլանավորածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին: Արդյունքում ունենք պետական պարտք, որը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն 186 մլրդ դրամ, իսկ դոլարով արտահայտված՝ 10 մլրդ 637 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նվազել են ծախսերը՝ թե բյուջեի ծախսերի, թե եկամուտների, թե ՀՆԱ-ի նկատմամբ:

  • Կիսվել: