երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում արդեն 50 բալիկ է ծնվել. Ավանեսյան

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում արդեն 50 բալիկ է ծնվել. Ավանեսյան

Աշունը հիվանդությունների ակտիվացման շրջան է, ունենք ոչ միայն սուր շնչառական վարակներ, այլեւ քովիդ, կարմրուկ... Ես խորհուրդ եմ տալիս ռիսկի խմբի անձանց՝ մինչեւ 12 տարեկան երեխաներին, 65 տարին լրացածներին, խրոնիկ հիվնդություն ունեցողներին, անպայման այս սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ ընդունել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Գրիպի դեմ պատվաստանյութն ամեն տարի մշակվում եւ համապատասխանեցվում է տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամներին: Այս տարի էլ հորդորում ենք օր առաջ պատվաստվել»,-ասաց նա:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին անվճար բուժելու խնդրին՝ Ավանեսյանն ասաց. «Բռնի տեղահանման ողջ գործընթացի շրջանակներում տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն հենց Կոռնիձորի անցակետից: Այսօր էլ մեր մոբիլ թիմերը շրջում են: Նախ՝ իրականացնում են հաշվառում, կցագրում են մոտ պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում: Ոչ միայն պոլիկլինիկաներում, այլեւ հիվանդանոցային օղակում նրանք օգտվում են պետպատվերի ամենալայն շրջանակից: Բայց հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ստանալու համար պետք է ուղեգրման պրոցեսով անցնել»:

Նախարարը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ արդեն մոտ 25 հազար քաղաքացի կցագրվել է առաջնային բուժհաստատություններում: «Մենք հրատապ կերպով հաշվառել ենք նաեւ հղի կանանց, եւ պետք է ամեն ինչ անենք նրանց ընթացիկ հսկողությունը պատշաճ կազմակերպելու, հետո նաեւ ծննդօգնությունը կազմակերպելու համար: Գիտեք, որ արդեն 50 բալիկ է ծնվել Արցախից բռնի տեղահանված մայրերից»,-ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: