շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված բռնցքամարտիկների համար Երեւանում կհիմնվի ակումբ․ Նարեկ Աբրահամյան

Արցախից բռնի տեղահանված բռնցքամարտիկների համար Երեւանում կհիմնվի ակումբ․ Նարեկ Աբրահամյան

Արցախից բռնի տեղահանված բռնցքամարտիկների համար Երեւանում կհիմնվի ակումբ, որը կանվանենք՝ «Արցախ»: Որպես ֆեդերացիայի նախագահ, ամեն ինչ կանեմ, որ մեր գործը շարունակվի, մեր մարզիկներն իրենց գտնեն, հաստատվեն եւ շարունակեն նոր երազանքներով ու նպատակներով ապրել Հայաստանում: Որպես մարզաշխարհի ներկայացուցիչներ, մեր սուրբ պարտականությունն է՝ մարզվել, ուժեղանալ եւ բարձր պահել հայ ազգի պատիվը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ավագ տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը:

Արցախի ֆեդերացիայի նախագահն իր սաների հետ հաստատվել է Երեւանում: Նարեկ Աբրահամյանի խոսքով, այս ընթացքում հնարավոր ամեն ինչ արվում է, որ արցախցի բռնցքամարտիկները Հայաստանում մարզվելու, սիրելի մարզաձեւով զբաղվելու հնարավորություն ունենան:

«Բոլորով տեղափոխվել ենք Երեւան: Ընտանիքներով ենք եկել: Ֆեդերացիան նույնպես ամբողջ անձնակազմով, մարզիչներով, մարզիկներով հաստատվել է Երեւանում: Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ 200 բռնցքամարտիկ բռնի տեղահանվեց Հայաստան: Ոմանք այստեղ կշարունակեն զբաղվել բռնցքամարտով, ոմանք էլ գուցե չշարունակեն: Այս պահին դեռեւս հստակ տեղեկություններ չունենք:

Շատ ծրագրեր ունենք բռնցքամարտում: Արդեն կապ ենք հաստատել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ: Քննարկումների արդյունքում որոշել ենք Երեւանում բացել մի ակումբ: Ֆեդերացիայի նախագահը ձեռք մեկնեց եւ կաջակցի  մեզ մարզադահլիճ գտնելու հարցում, որտեղ կմարզվեն արցախցի բռնցքամարտիկները: Որոշել ենք ակումբն անվանել «Արցախ»:

Մարզիկների, բոլորիս բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է: Երեւի բոլորիս հոգեբաններ են պետք այս վիճակից դուրս գալու համար:

Բռնցքամարտիկների գրեթե մեծ մասը հաստատվել են Երեւանում: Էրիկ Առստամյանը նույնպես Երեւանում է: Նա շարունակում է մարզվել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում: Արդեն միացել է երիտասարդական հավաքականին եւ պատրաստվում է մրցաշարերի:

Շատ լավ կլինի, որ կարողանանք բացել մեր ակումբը, որպեսզի այս մարզիկները իրենց սիրելի մարզաձեւով կարողանան շարունակել զբաղվել:

 

Էրիկ Առստամյանն ավելի մեծ ոգեւորությամբ է շարունակում մարզումները: Նա շուրջ 4 ամիս մրցաշարերի չէր մասնակցել, բայց մենք մարզվում էինք: Էրիկն ապրում է բռնցքամարտով եւ կշարունակի իր մարզական կարիերան Հայաստանում:

Այս օրերին Հայաստանից դուրս եմ գտնվում, բայց վերադառնալուն պես կզբաղվեմ ակումբը հիմնելու աշխատանքներով: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ, ամեն ինչ անելու եմ, որ Երեւանում մի դահլիճով ապահովենք, այդ երեխաները գան եւ շարունակեն իրենց մարզումները: Արցախի շունչը կլինի այդ դահլիճում: Ամեն բան կանեմ, որ մեր գործը շարունակվի, այս մարզիկներն իրենց գտնեն, հաստատվեն եւ շարունակեն նոր երազանքներով ու նպատակներով ապրել Հայաստանում:

Այս տեսանկյունից շատ ուրախ եմ, որ մեր նախաձեռնությանը դրական արձագանքեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը: Իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Հովհաննես Հովսեփյանին: Այս 9 ամիսների ընթացքում մենք մշտապես կապի մեջ ենք եղել, մշտապես հետաքրքրվել է մեզանով, մեր մարզիկներով:

Արցախում բռնցքամարտով զբաղվողները մեծ թիվ էին կազմում: Ֆեդերացիայում վերջին շրջանում գրանցված էին 150-ից ավել բռնցքամարտիկներ: Ստեփանակերտում ունեինք երկու դահլիճ, Ասկերանում եւ Մարտակերտում նույնպես ունեինք դահլիճներ, որտեց մարզվում էին նաեւ մարզերից, գյուղերից եկող երիտասարդներ: Շուրջ 200 բռնցքամարտիկ ունենք: Նրանցից 20-30-ը հեռանկարային բռնցքամարտիկներ են: Վստահ եմ, որ նրանք մեծ հաջողությունների կհասնեն, այնպես, ինչպես Էրիկ Առստամյանը եւ մյուսները: Արդեն գրեթե հասնում էին լուրջ արդյունքների, բայց ճանապարհները փակեցին: Այժմ բոլորիս գերխնդիրն է ապահովել այդ երիտասարդների հետագա մարզումները, գրանցել նոր ու բարձր արդյունքները մեր երկրի համար, ինչ գնով էլ լինի: Որպես մարզաշխարհի ներկայացուցիչներ, ունենք մեր սուրբ պարտականությունը՝ մարզվել, ուժեղանալ եւ բարձր պահել հայ ազգի պատիվը»,- ասաց Նարեկ Աբրահամյանը:

  • Կիսվել: