երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ելույթ է ունեցել խորհրդարանի հերթական նիստում։
 
Ելույթն ամբողջությամբ ստորև.
 
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք ստացավ մարտի 5-ին և հունիսի 28-ին:
 
Այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից և ԱԹՍ-ներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի արցախյան դիրքերի և ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ադրբեջանական հերթական սանդրանքի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ:
 
Հավերժ փառք Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը զոհած հայորդիներին:
 
Մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր նահատակների անմար հիշատակը:
 
Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին:
 
Սիրելի´ հայրենակիցներ,
 
Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է:
 
Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու:
 
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը:
 
Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը:
 
Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը: Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:
 
Բարձր ենք գնահատում ԵԽԽՎ-ի «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը:
 
Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
 
Իսկ Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում»:

  • Կիսվել: