կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից. Մասիս Մայիլյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից. Մասիս Մայիլյան

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ, ըստ որի, նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը:

«Նշենք, որ  86,600 քառակուսի կիլոմետրը համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը՝ հայկական ինքնավարության ձևով։ Քանիցս հրապարակվել են իրավաբանական ծանրակշիռ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Ալմաթիի հռչակագրի ընդունումից առաջ Լեռնային Ղարաբաղն իրավական ակտերի ընդունման ճանապարհով անջատվել էր խորհրդային Ադրբեջանից և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից։ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, և այդ կամքն անսասան է։ Հարկ է նշել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու սփյուռքահայությունն են պաշտպանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետությունը ճանաչել են տասնյակ նահանգներ, տեղաշրջանններ և քաղաքներ աշխարհով մեկ՝ Լոս Անջելոսից մինչև Սիդնեյ՝ մի քանի հարյուր միլիոն բնակչությամբ։ Այս համատեքստում կարևոր են Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի 2020 և 2022 թվականներին միաձայն ընդունված բանաձևերը։
Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև Արցախի Հանրապետության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդման հնարավորություն։ Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է առավել արդյունավետ հիմքը դառնալ Արցախի ու Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար»,-ընդգծել է Մ. Մայիլյանը՝ հավելելով, որ  միջազգային և տարածաշրջանային ակտորները եթե իրապես շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ, ապա պարտավոր են հարգել Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությունը։

  • Կիսվել: