Արցախի շրջափակումը միայն հայության խնդիրը չէ, այլ ամբողջ ժողովրդավար մարդկության. հայտարարություն
Unblock Humanity նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ Արցախի շրջափակման հարցով իրականացվող միջազգային մեդիա արշավի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։ Նրանց օգնությամբ հումանիտար բեռներ էին տեղափոխվում Արցախ, և ծանր հիվանդները տեղափոխվում էին ՀՀ բժշկական կենտրոններ։ Սակայն հունիսի 15-ից Ադրբեջանը տոտալ բլոկադայի անցավ։ Հակարի կամրջի վրա բետոնե պատնեշ կառուցելը արգելափակեց նաև խաղաղապահների ու Կարմիր խաչի մուտքը Արցախ։ Ստեղված պայմաններում իրավիճակն օրեցօր ավելի է բարդանում։
Պատճառներից մեկը նաև այն է, որ հարցը միջազգային մամուլում բավականին քիչ է լուսաբանվել։
Unblock Humanity նախաձեռնությունն արդեն 2 ամսից ավել է՝ լրացնում է այս բացը՝ իրականացնելով միջազգային մեդիա արշավ շրջափակման մասին․ սոցիալական հարթակներում գովազդային արշավ, կապ միջազգային լրագրողների և ազդեցիկ գործիչների հետ, ակտիվ համագործակցություն Սփյուռքի հայության հետ։ Այս ամենի շրջանակներում ստեղծվել է հոլովակ՝ թիրախային լսարանին համապատասխան հատուկ շեշտադրումներով։ Այն մարդկանց ուղղորդում է unblockhumanity.com կայք, որտեղ նրանք ստանալու են հատուկ գործողության կոչեր։ Այս պահին ուղարկվում է նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. արդեն իսկ նամակների թիվը անցել է 6,000-ից: