Արցախի շրջանների շուրջ 1250 դպրոցականներ «Թումոբուս» ծրագրի շրջանակներում հաճախում են Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» կենտրոն
2019 թվականին ոչ ֆորմալ կրթության իրականացման ծախսերը կազմել են 87 միլիոն 548 հազար 600 դրամ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և ավելացրել, որ ծրագրի կատարողականը կազմել է 97.8%:
Ծախսերն իրականացվել են Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ «Թումոբուս» ծրագրի իրականացման համար, որի շահառու են հանդիսանում շրջանային շուրջ 2 տասնյակ համայնքների 1250 դպրոցականներ: Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև «Ես» դրամաշնորհային ծրագիրը համանուն ՀԿ-ի միջոցով, Մարտունու շրջանի Հաղորտի, Մուշկապատ, Գիշի, Խնուշինակ և Սպիտակաշեն համայնքների դպրոցականների համար:
ԿԳՄ նախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է գյուղաբնակ աշակերտներին ծանոթացնել նախնական տեխնոլոգիական կրթության հիմունքներին, ինչպես նաև խթանել աշակերտների նախաձեռնողականությունը՝ նրանց ներգրավելով համայնքային զարգացման ծրագրերում:
Նախնական տեխնոլոգիական կրթության ապահովման և դպրոցներում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ, հաշվետու ժամանակաշրջանում պետական և բարեգործական միջոցներով ևս 5 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Շուշիի շրջանի Հին շենի, Քարին տակի, Մարտունու շրջանի Խնուշինակի, Ճարտարի թիվ 1, Հադրութի շրջանի Մեծ Թաղերի դպրոցներում, ընդ որում, վերջին 4-ը՝ Հայ կրթական հիմնարկության հովանավորությամբ:
Մի շարք դպրոցներ բարեգործական խողովակներով համալրվել են համակարգչային տեխնիկայով և գույքով: