Արցախի Շոշ գյուղը՝ պատերազմից հետո /լուսանկարներ/
Շոշ գյուղը պատերազմի ծանրությունը կրած Արցախի բնակավայրերից է: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ 6 շոշեցի մարտիրոսվել, 3-ը վիրավորվել է հանուն հայրենիքի:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ բնակիչների՝ համայնք վերադառնալու ուղղությամբ, ենթակառուցվածքների շուրջ 80 տոկոսը վերականգնվել է, վերադարձել է բնակչության կեսից ավելին: Նախքան Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը՝ գյուղն ուներ 621 բնակիչ, այսօր՝ 390: Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է երկու ակունքներից: Համայնքի տարածքում առկա է թվով 16 աղբյուր:
Դպրոցը կառուցվել է 2004թ. Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Պատերազմից հետո գյուղի կթական հաստատություններն արդեն գործում են: Հունվարի 11-ից՝ դպրոցը, փետրվարի 15-ից՝ մանկապարտեզը:
Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով:
Շոշի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում՝ իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ: Ակտիվորեն շարունակվում են նաև վնասված տների շինարարական աշխատանքները:
Գյուղն ունի եկեղեցի: Համագյուղացի բարերար«Արցախի հերոս» Կարեն Ջալավյանի միջոցներով այն վերանորոգվել էր մինչև պատերազմը, պատերազմից հետո էլ մեկ անգամ պատարագ է մատուցվել: Շոշը Գազաֆիկացված է: Գործում է ինտերնետ ծառայություն:
Լուսավորված է գյուղի միայն հիմնական փողոցը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է համայնքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրում կատարել: Մտահոգիչ հարցերի թվում է գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման խնդիրը: Տրանսպորտային կապը կարգավորված է, ուղևորափոխադրումներն իրականացվում են կանոնավոր երթուղիներով և սեփական մեքենաներով: