երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի «Շիրակացու ճեմարան»-ը նոր հասցե կունենա

Արցախի «Շիրակացու ճեմարան»-ը նոր հասցե կունենա

Այս տարին պատասխանատվության և հանձնառությունների լայն շրջանակ է ենթադրելու։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տված հարցազրույցի ժամանակ ասել է «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր»-ի տնօրեն Անահիտ Ղարաղազյանը։

««Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր»-ի համար առաջին տարին մեկնարկ էր մի հրաշալի փուլի, որովհետև ինձ համար այդ պատասխանատվությունը ստանձնելը մեծ փորձառություն էր, և առավել մեծ պատասխանատվություն էր գիտակցել, որ պատասխանատու ես ոչ միայն քո աշխատանքի, այլև շուրջ 40 երեխաների համար, որոնց համար պետք է լինես խիստ, հոգատար ընկեր, նաև պահանջկոտ ղեկավար։ Ես ուրախ եմ, որ այն սաները, ովքեր առաջին տարում մեզ միացան, այն ուսուցիչները, որոնց հետ կերտեցինք մեր փոքրիկ ընտանիքը, ձևավորեցին բջիջը,  և կարողացանք նոր իրավիճակները միասին հաղթահարել։ Հունվարին, երբ ավելի խորացած էին շրջափակման հետևանքները, մենք միահամուռ դարձանք մեկ գաղափարի շուրջ՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը` կայացնելու մեր հաստատությունը։ Ամփոփելով ընդունելության գործընթացը` մենք ընդունելու ենք նաև նոր սաների` սկսած 5-րդ դասարանից։ Այս տարին պատասխանատվության և հանձնառությունների լայն շրջանակ է ենթադրելու»,-նշել է Ա. Ղարաղազյանը։

Նա իրազեկել է, որ ԱրՊՀ երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ տրամադրվել է ճեմարանին։ Ավելին՝ կոսմետիկ վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտվում են։

«Սեպտեմբերին շուրջ 200 երեխա բացելու է մեր հաստատության դուռը,  շատերը՝ առաջին անգամ։ Միջին օղակի բացելը իր հերթին ուրիշ խնդիրներ կամ գործառույթներ է ենթադրելու, և մեզ համար մի կողմից ոգևորիչ, մյուս կողմից՝ զգաստացնող է դա։ Հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն մեր հանդիպումները անձնակազմի հետ։ Ունեցել ենք  համալրում նաև ուսուցիչների շրջանում. շուրջ 30 ուսուցիչ միացել է մեզ»,-ընդգծել է «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր»-ի տնօրենը։

  • Կիսվել: