ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում հուշարձանների միջազգային օրվա առթիվ իրականացվել է շաբաթօրյակ

Արցախի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում հուշարձանների միջազգային օրվա առթիվ իրականացվել է շաբաթօրյակ

Պատմական միջավայրի պահպանության Հադրութի շրջանային ծառայության և շրջկենտրոնի մշակույթի և երիտասարդության բաժնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է քայլերթ և շաբաթօրյակ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը: 
 
Նրա խոսքով՝ քայլերթին մասնակցել են միայն վերոնշյալ բաժինների աշխատակիցները՝ հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը։
 
 Քայլերթը սկսել են Հադրութի շրջանի Ցոր գյուղից՝ հասնելով մինչև Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այն 17-րդ դարի կառույց է), որտեղ էլ իրականացրել են շաբաթօրյակ։
 
«Մեր նպատակն էր մեկ անգամ ևս արժևորել պատմական հուշարձանների դերը մշակույթի պահպանման ու զարգացման գործում։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում այն հուշարձաններին, որոնք գտնվում են բնակավայրերից հեռու։ Յուրաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի, որ իր երկիրն աշխարհին ճանաչելի է դառնում նաև կոթողներով, որոնք էլ ապացույցն են տվյալ ժողովրդի բնիկ լինելուն։ Սիրենք և պահպանենք մեր ազգային արժեքները»,- մասնավորապես ասել է Ե. Հայրիյանը։
 

  • Կիսվել: