երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախի քաղաքաշինության ոլորտում նոր ծրագրերի իրականացումը շրջափակման պատճառով անորոշ է մնում. փոխնախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակը

Արցախի քաղաքաշինության ոլորտում նոր ծրագրերի իրականացումը շրջափակման պատճառով անորոշ է մնում. փոխնախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհի փակման հետևանքով Արցախի քաղաքաշինության ոլորտը ամեն օր շարունակում է մեծ վնասներ կրել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանն՝ ավելացնելով, որ շրջափակման հետևանքով հիմնական ծրագրերը կիսատ են մնացել։ 

«Վառելիքի և աշխատուժի Հայաստանից Արցախ տեղափոխելու հետ կապված խնդիրների պատճառով ոլորտում այս պահին գրեթե բոլոր ծրագրերը կասեցված են։ ՀՀ-ից էր ներկրվում նաև իրականացվող շինաշխատանքների համար նախատեսված շինանյութի մեծ մասը։ Շրջափակման պատճառով այդ ողջ գործընթացի կազմակերպումը փաստորեն անհնարին է դարձել:

Էլեկտրաէներգիայի խափանումներն էլ իրենց հերթին թույլ չեն տալիս պլանավորված աշխատել»,- նշել է Ա. Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ շինաշխատանքներն ընթանում են   պահեստներում նախկինում ունեցած կամ շինանյութերի խանութներում առկա տեղական արտադրության նյութերով, որոնք խիստ սահմանափակ են։

Ա. Գասպարյանն ընդգծում է՝ եթե շրջափակումը  շարունակվի, 1-2 ամիս անց   բոլոր շինաշխատանքներն ամբողջությամբ կդադարեցվեն։

«Պլանավորած էր 2022-ի վերջին շահագործման հանձնել ևս 300 բնակարան, սակայն հասկանալի պատճառներով, մեզ դա չհաջողվեց։ Բացի այդ,  նույն ժամանակահատվածում գյուղական համայնքներում ազատ բնակֆոնդից 300-ից ավելի տուն  վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված մեր հայրենակիցներին։ Պատերազմի հետևանքով հրետակոծությունից վնասված մոտ 3300 բնակարան է վերանորոգվել, իսկ 2800 բնակարանի վերանորոգման համար տրամադրվել է դուռ, պատուհան կամ այլ շինանյութեր»,- մանրամասնել է նախարարի տեղակալը` փաստելով` 2021-2022 թվականներին Հանրապետության ողջ տարածքում շինարարությունը լայն թափ էր ստացել, կառուցվել են նոր թաղամասեր։

Ըստ մեր զրուցակցի` 2023 թվականին նախատեսվում էր շահագործման հանձնել մոտ 800 բնակարան կամ առանձնատուն։ Բայց այս պահի դրությամբ չեն կարող պլանավորել աշխատանքները՝ ստեղծված ծանր իրավիճակի  հետևանքով առաջացած խնդիրների պատճառով։

  • Կիսվել: