ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ՊՆ-ն պատասխանել է «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակմանը

Արցախի ՊՆ-ն պատասխանել է «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակմանը

Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է գտարածել, որտեղ պատասխանել է «էլիտար զորամասի» վերաբերյալ հրապարակմանը՝ նշելով, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ:

Մանրամասները՝ հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ի պատասխան auroranews.am-ի <<Արցախի <<էլիտար>> զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու <<ինքնասպանության>> դեպքերը. Ուշագրավ մանրամասներ>> վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում: Ընդգծում ենք նաև, որ տվյալ զորամասը մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ զբաղվելով հանդերձ կրում է նաև մարտական հերթապահություն:

Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված <<փաստին>>, ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից:

Զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացները իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»:

Հիշեցնենք, որ Auroranews․am-ի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։

  • Կիսվել: