Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասով որոշակի քննարկումներ կան, որոնց արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին․ Արթուր Հարությունյան
Այս պահին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց, իհարկե, որոշակի քննարկումներ կան, որոնց արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին։
Այս մասին Infoport.am -ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ իշխող «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի մոտալուտ հրաժարականի մասին Արցախում շրջանառվող լուրերը։
Միևնույն ժամանակ նա հավաստեց, որ այս գործընթացների հիմքում որեւէ անձնական տարաձայնություն կամ այսպես ասած լարվածություն փնտրել պետք չէ։
«Արցախի իշխանությունները փոխհամաձայնեցված աշխատանք են կատարում»,- հավաստեց Հարությունյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ Վարդանյանի հրաժարականը պահանջում են Ադրբեջանի իշխանությունները, հնարավոր է, որ այդ որոշումը ընդունվի Բաքվի ճնշման ներքո, Հարությունյանը շեշտեց․
«Եթե անգամ Վարդանյանը հրաժարական տա, ապա դա ոչ թե Ադրբեջանի պահանջի բավարարման արգասիք կլինի, այլ զուտ պայմանավորված կլինի Արցախի իշխանությունների որոշմամբ, որը կբխի ստեղծված իրավիճակի հրամայականից»։
Նշենք, որ ըստ Infoport.am –ի արցախյան աղբյուրների՝ Վարդանյանի հրաժարականի դեպքում ԱՀ պետնախարարի պաշտոնը կստանձնի Արցախի ներկայիս գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։