չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախի պատվիրակության այցը Ֆրանսիա և նախագահ Հարությունյանի հայտարարությունները այնտեղ մեծ նշանակություն ունեն Բաքվի վարչակարգի զսպման համար․ ԱԳ նախկին նախարար

Արցախի պատվիրակության այցը Ֆրանսիա և նախագահ Հարությունյանի հայտարարությունները այնտեղ մեծ նշանակություն ունեն Բաքվի վարչակարգի զսպման համար․ ԱԳ նախկին նախարար

Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը մեկնաբանել է արցախյան պատվիրակության այցը Ֆրանսիա, ինչպես նաև նախագահ Հարությունյանի հայտարարությոնները այնտեղ։
 
«Բաքվի իշխանությունների նախահարձակ հայտարարություններն ու սադրիչ գործողությունները հիմնված են Արցախի իբր ադրբեջանական պատկանելության կեղծ թեզի վրա։ Մինչդեռ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի ապօրինի բռնազավթման և կատարած ռազմական հանցագործությունների համար ադրբեջանական կողմը դեռևս չի կրել իր պատիժը»,- շեշտել է Մայիլյանը։
 
Իսկ անպատժելիությունը, ընդգծել է նա, գրգռում է պաշտոնական Բաքվի ախորժակը և հանցավոր նոր ծրագրեր ծնում, որոնց թվում է Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումը՝ հետագա էթնիկ զտումների և բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության ակնկալիքով։ «Բաքվի վարչակարգի զսպման համար հարկ է կոնկրետ որոշումներ ընդունել և գործնական քայլեր ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա»,-ընդգծել է նախկին ԱԳ նախարարը։
 
Այս առումով, ըստ Մայիլյանը, մեծ նշանակություն ունի Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցը Ֆրանսիա և նախագահ Հարությունյանի արած հայտարարությունները։ «Մասնավորապես, Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում: Այցի ընթացքում նաև նշվել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ընդգծել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: