ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի պարետատունը նախաձեռնել է պաշտպանիչ դիմակների ձեռքբերման, պահեստավորման և դրանք մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց

Արցախի պարետատունը նախաձեռնել է պաշտպանիչ դիմակների ձեռքբերման, պահեստավորման և դրանք մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց

Արցախի Հանրապետության Պարետատունը, կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում, նախաձեռնել է պաշտպանիչ դիմակների ձեռքբերման, պահեստավորման և այն մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հայտարարության մեջ ասվում է.

«Ինչպես գիտեք, հունիսի 15-ից պարետի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսից պաշտպանվելու այս գլխավոր միջոցը ձեռքբերելը մեր շատ համերկրացիների շրջանում հնարավոր է՝ որոշ դժվարություններ առաջացնի, Արցախի Հանրապետության Պարետատունը, կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում, նախաձեռնել է պաշտպանիչ դիմակների ձեռքբերման, պահեստավորման և այն մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց:

Մասնավորապես, ձեռքբերվող դիմակների գնի սուբսիդավորման արդյունքում՝ շուկայում վաճառվող մինչև 250 դրամ շուկայական միջին արժեք ունեցող դիմակը մեր համերկրացիներին առաջարկվում է 100 դրամով: Հավելենք, որ դիմակները բժշկական են և եռաշետ, բարձր որակի՝ հապատասխան բժշկական ստանդարտներին:

Պաշտպանիչ դիմակները կարելի է ձեռքբերել փոստային կապի ազգային օպերատորի՝ «Արցախփոստ» ընկերության բաժանմունքներից, հենակետերից և շրջանային մասնաճյուղերից:
Չարաշահումներ չթույլատրելու համար յուրաքանչյուր քաղաքացու միաժամանակ կվաճառվի ոչ ավել, քան 50 դիմակ (1 տուփ):

Տեղեկացնենք նաև, որ այս պահին հանրապետությունում պահեստավորված է անհրաժեշտ քանակության դիմակ և ախտահանիչ նյութեր:

Եղեք առողջ և իրազեկ
Շնորհակալություն Պարետի որոշումներին և ցուցումների հետևելու համար» :

 

  • Կիսվել: