շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի ոստիկանությունում անցած շաբաթ շուրջ 50 հաղորդում է ստացվել հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ

Արցախի ոստիկանությունում անցած շաբաթ շուրջ 50 հաղորդում է ստացվել հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ

Ընթացիկ տարվա փետրվարի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 50 հաղորդում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, խարդախության՝ 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և անձնական ունեցվածքի գողության երեքական դեպքեր:

Միջոցներ են ձեռնարկվում ապօրինի ծառահատման 1 դեպքի բացահայտման ուղղությամբ, ըստ որի Մարտակերտի շրջանում բուսական աշխարհին պատճառվել է 855 հազար դրամի չափով վնաս:

Շաբաթվա ընթացքում ինքնասպանության 1 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: 31-ամյա Ռ. Դ.-ն փետրվարի 11-ին, դեռևս չպարզված հանգամանքներում անասնագոմի առաստաղից կախվելու միջոցով ինքնասապանություն է գործել:

Դիակ է հայտնաբերվել Մարտունու շրջանի Գիշի համայնքում: Փետրվարի 12-ին ժամը 15:50-ին Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Գիշի համայնքի բնակելի տներից մեկում հայտնաբերվել է նույն համայնքի 41-ամյա բնակիչ Մ.Ա.-ի դին: Զննությանբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները պարզելու համար՝ կատարվում է քննություն:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 7 դեպք՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի:

ՆԳ նախարարությունը կոչ է անում երթևեկության բոլոր մասնակիցներին՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կարևորագույն պահանջները: Հատկապես հոսանքի հովհարային անջատումների ժամանակ` հոսանքազրկված փողոցներում ցուցաբերել պատասխանատվություն, բարձր զգոնություն և բացառել վրաերթի ելքով դեպքերը: Պատահարներից խույս տալու լավագույն միջոցը՝ մշտական ինքնահսկումն է:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Շրջափակման պայմաններում ներքին կայունության ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն:

  • Կիսվել: