ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

2023 թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում, տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

՛՛Դրանցից 30-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բոլոր դեպքերը բացահայտվել և քննության փուլում է:

Հունիսի 4-ին դիակի հայտնաբերման 1 դեպք է գրանցվել Մարտակերտ քաղաքում։ Շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Սարալանջ փողոցի բնակելի տներից մեկի բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ Արմեն Ավետիսյանի (ծնված 1991թ.) դին՝ ծառից կախված վիճակում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք։

Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված և հանրային հնչեղություն ստացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 12 դեպքերը։ Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։

Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, հափշտակության, խարդախություն և բռնաբարության փորձի մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:

Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 153 արձանագրություն. Շաբաթվա ընթացքում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 6-ը նյութական, 5-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 5 անձ դիմել է բուժհաստատություն։

Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 36 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 42 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա ծառայություն` կազմակերպելով հանցավորության դեմ արդյունավետ պայքար, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:

Հերթապահ մաս՝102, /047/94-02-07
ՃՈ ՕԿԿ /047/94-02-17՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: