ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը

Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը

Մայիսի 29-ին, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգային երեկո՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ:
 
Ներկաները նախ խնկարկել են  հայ ժողովրդի մղած բոլոր պատերազմներոմ անմահացած հայրենյաց պաշտպանների հիշատակը:
 
Այնուհետև «Մռակած» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են ՀՀ և ԱՀ պետական օրհներգերը:
 
Փոխանցելով թեմակալ առաջնորդի օրհնության խոսքը, ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն անդրադարձել է արցախցիների մասնակցությանը մայիսյան հերոսամարտին:
 
«Մայիսյան հերոսամարտերի գլխավոր դերակատարներից մեկը, եթե ոչ հիմնականը, եղել է արցախցի, դաշնակցական Արամ Մանուկյանը: Արցախից մահապարտների գունդը Դանիել բեկ-Փիրումյանի գլխավորությամբ մասնակցել է այդ պայքարին, իսկ Մայր Աթոռի միաբան հոգևորականնրից կազմված մահապարտների գունդը ևս ղեկավարում էր ծննդով արցախցի Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը: Սա նշանակում է, որ Արցախն անմնացորդ նվիրված էր հայ ժողովրդի ազգային -ազատագրական պայքարին, որովհետև այլ կերպ լինել չէր կարող»,-ասել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
 
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար  Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը 20-րդ դարի հայոց պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկն է:
 
«Հայաստանի առաջին Հանրապետության կերտողը հայ ժողովուրդն է: Պատահական չէ, որ Գարեգին Նժդեհը, իրավացիորեն, մայիսի 28-ի հեղինակը համարում է ողջ հայությանը՝ իր գործողություններով, տառապանքներով, կամքով և ոգով: Ժողովրդի հետ միասին, իր քաղաքական մասնակցությամբ, անուրանալի դերակատարություն ունեցավ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»,-հավելել է Լ. Հովհաննիսյանը:
 
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը նշել է, որ  ինչպես հայ ժողովրդի մղած բոլոր պատերազմներում, այնպես էլ Սարդարապատի ճակատամարտում, իրենց ուրույն դերն են ունեցել նաև արցախցիները:
 
«Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան, թերևս, ոչ ոք չի վճարել: Մենք հանուն այդ  անկախության պայքարել ենք համախմբված՝ ի հեճուկս ճակատագրի հարվածների»,-ընդգծել  է Տ. Գասպարյանը:
 
Համերգն ուղեկցվել է համերգային ծրագրով. ելույթ են ունեցել Ստեփանակերտի Սոսե մանկապարտեզի փոքրիկները, «Արցախի ձայներ» համույթը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները և այլք:
 
Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արդակի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

  • Կիսվել: