ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախի նախագահը փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով

Արցախի նախագահը փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով, որի ընթացքում կանրադառնա Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, զարգացումներին և անելիքներին։

Ինչպես գրել է ԱՀ նախագահը այսօր իր ֆեյսբուքում, վերջին օրերին հանրային և քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ընդունել է նրանց առաջարկ-պահանջը հասարակական տարբեր շրջանակներից կազմված խորհրդատվական մարմին ստեղծելու ուղղությամբ, որը կդառնա Արցախին վերաբերվող լայն սպեկտորի հարցերի քննարկման հարթակ, կունենա առաջարկություններ ներկայացնելու իրավունք։
 
«Հարգելի ՛ հայրենակիցներ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ:
 

Մենք պետք է ընդունենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված, ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ զարգացող իրադարձությունների պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների:

Վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, որոնց ընթացքում ներկայացրել եմ երկրում ստեղծված վիճակը, ներքին ու արտաքին վտանգներն ու մարտահրավերները: Երեկ արձագանքել եմ հանրային սեկտորի ներկայացուցիչների առաջարկին, հանդիպել նրանց հետ, տեղի է ունեցել կառուցողական քննարկում, որի ընթացքում բարձր եմ գնահատել ներկաների՝ Արցախի ապագայի հանդեպ ցուցաբերած պատասխանատվությունն ու անզիջում պայքարի պատրաստակամությունը:

Լսելով ներկայացված մտահոգություններն ու խնդիրները, ընդունել եմ Արցախի Հանրապետության տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ Նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը, որը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք: Պատրաստ եմ առաջիկայում սկսել այդ գաղափարի իրացման աշխատանքները:

Հարգելի ՛ հայրենակիցներ, այս և այլ հարցերի վերաբերյալ փետրվարի 23-ին հանդես եմ գալու ուղերձով, որի ընթացքում առավել մանրամասն կանդրադառնամ Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին ու մեր հետագա քայլերին»,-գրել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: