հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի ֆեյսբուքյան գրառումից։

"Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: Զրույցը ծավալել ենք համահայկական օրակարգի խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածության և, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարությունների շուրջ:

Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացրել եմ Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ: Նաև հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և ՀՅ Դաշնակցության՝ տարբեր հարթակներում ունեցած քաղաքական հնարավորությունները՝ բարձրացնելու թուրքական իշխանությունների անհարկի միջամտության աղաղակող փաստերը՝ միջազգային հանրության պատշաճ արձագանքներն ու գործողություններն ապահովելու նպատակով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի ու հայ զինվորի կողքին լինելու հանձնառությունը",- ասվում է գրառման մեջ։

  • Կիսվել: