չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սահմանը փոփոխելու պարագայում կընդարձակվի ոչ թե անվտանգության տարածքը, այլ` Հայրենիքը. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին (տեսանյութ)

Սահմանը փոփոխելու պարագայում կընդարձակվի ոչ թե անվտանգության տարածքը, այլ` Հայրենիքը. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին (տեսանյութ)

Սահմանը փոփոխելու պարագայում կընդարձակվի ոչ թե անվտանգության տարածքը, այլ` Հայրենիքը։ Այս մասին Մարտունու շրջանի համայնքի ղեկավարների հետ այսօր կայացած հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ հերթական անգամ հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին:

 «Արցախի Հանրապետության գոյությունը անհերքելի իրողություն է, որը չընդունելը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի հետ հաշվի չնստելը հավասարազոր է առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը մերժելուն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության իշխանության, ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար աղետի՝ բառիս ուղիղ իմաստով: Արկածախնդրությունը, ուժի սպառնալիքները մեզ համար շարունակում են մնալ անընդունելի գործելաոճ:

Հակադարձելով մեր ժողովրդի ու պետականության ֆիզիկական գոյության նկատմամբ ցանկացած սպառնալիքի՝ մեկ անգամ ևս հաստատում եմ մեր վճռականությունը, որ Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, հակահարված տալու հակառակորդին, ավելին՝ մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները Ադրբեջանից: Մեր ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու և արարելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ»,- մասնավորապես նշել է Հանրապետության Նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ալիևի հայտարարություններին  կարելի էր և չարձագանքել, բայց հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատել է այն, ինչ մտածում է:

  • Կիսվել: