ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահն ադրադարձել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու փաստին․ Էրդողանի այս քայլը դեմ է որևէ կրոնական ուսմունքի հիմնադրույթներին

Արցախի նախագահն ադրադարձել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու փաստին․ Էրդողանի այս քայլը դեմ է որևէ կրոնական ուսմունքի հիմնադրույթներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սուբ Սոֆիա Տաճարը մզկիթի վերածելու փաստին և այնտեղ այսօր առաջին անգամ նամազ իրականացնելուն։

Նա, մասնավորապես, նշել է․

«Սուրբ Սոֆիան այսօր նորից վերածվեց մզկիթի: Այս ուրբաթն այդ պատճառով համաշխարհային լրատվամիջոցներից մեկի կողմից «տխուր օր» դիպուկ բնորոշումը ստացավ։ Որպես հայ քրիստոնյա ՝ չեմ կարող վերաբերմունքս չարտահայտել «անպաշտպան» մնացած տաճարի դեմ այս ոտնձգության նկատմամբ։ Քաղաքակիրթ մարդկությունը վաղուց յուրացրել է վարքականոնի մի պարզ նորմ՝ հարգանքն այլոց հավատքի, կրոնական զգացմունքների ու ինքնության, մանավանդ դրանք մարմնավորող հուշարձանների նկատմամբ։ Հարկ չկա ավելորդ անգամ ասելու, որ Արցախում էլ է այդպես։ Մեր հանրապետության բազմաթիվ հյուրերն ու պատմական ժառանգության ուսումնասիրողները վաղուց արձանագրել են այդ իրողությունը։

Այս գրառումը, սակայն, մեր մասին չէ, այլ մեկ մարդու՝ փառասիրությունից դրդված դիվային քայլի, ինչն արդեն շաբաթներ շարունակ քննարկում են թե՛ միջազգային հանրության գործող անձինք, թե՛ աշխարհի քաղաքական ու հասարակական շրջանակները, թե՛ լրատվամիջոցները, թե՛ հարյուր հազարավոր մարդիկ։

Փաստացի միանձնյա որոշմամբ՝ փորձ է արվում քաղաքակրթության պատմության համար խորհրդանշական նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել քաղաքական միավորներ հավաքելու միջոցի։

Էրդողանի այս վարքաբանությունը դեմ է ոչ միայն քրիստոնեական, իսլամական և, առհասարակ, որևէ կրոնական ուսմունքի հիմնադրույթներին։ Դեմ է մարդկային քաղաքակրթության ժամանակակից ընկալումներին։

 

Հռետորական հարց է ծագում․ արդյո՞ք անհրաժեշտ էր համավարակի այս պայմաններում, երբ բոլորս, անկախ կրոնական պատկանելիությունից, առ Աստված ուղղված մեր աղոթքներում խնդրում ենք ուժ մարդկությանը պատուհասած այս արհավիրքն արագ հաղթահարելու համար, փորձել նոր կնճիռ բացել միջկրոնական հարաբերություններում և փոխադարձ ընկալումներում։ Արդյո՞ք այսօր արդարացված է խորը միջնադարում լայն կիրառություն ունեցած սուլթանական բարբարոս և սրբապիղծ մոտեցումը։ Արդյո՞ք այդ գործելաոճն այդքան խորն է արմատավորված թուրքական իշխանության հոգեկերտվածքում։

Եվ խոսքն այստեղ բնավ իսլամի մասին չէ, որի համար սրբապղծությունը նույնքան վրդովեցուցիչ է և բնորոշվում է մեր առօրյա խոսքում հաճախ կիրառվող «հարամ» բառով։

Այս հարցադրումների վերաբերյալ հայերն իրենց աներկբա պատասխանն ունեն, չէ՞ որ Հայոց ցեղասպանությունը նաև մշակութային ցեղասպանություն էր, որը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր։ Իսկ ունի՞, արդյոք, աշխարհն իրեն նետված այս մարտահրավերի պատասխանը․ կարծում եմ՝ դեռևս ոչ։

Քաղաքակրթության հանդեպ ցուցադրված այս հերթական քամահրանքից պետք է հետևություններ անեն բոլորը, հատկապես՝ «քաղաքակիրթ Թուրքիայի» առասպելի հիման վրա հարաբերություններ կառուցողները՝ քրիստոնեականից մինչև իսլամական պետություններ, կազմակերպություններ և գործիչներ: Իսկ հայությունն, անշուշտ, նման սրբապղծությունների վերաբերյալ իր հետևությունները վաղուց է արել...»,-գրել է Արցախի նախագահը։

 

հասարակական

  • Կիսվել: