հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի նախագահի ծրագրերի իրակապացումը կազդարարի ռևանշիզմի վախճանը. Քաղաքագետ

Արցախի նախագահի ծրագրերի իրակապացումը կազդարարի ռևանշիզմի վախճանը. Քաղաքագետ

Քաղաքական կյանքում առնվազն երեք անգամ մաշկափոխ եղած  որոշ ռեցիդիվիստներ եւ նրանց աջակից «շպանան» երկրորդ օրն է՝ քարոզչական պատերազմ է հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

«Պատճառը հայտնի է՝ նախընտրական շրջանում «խորապես մտահոգվածների» այդ թիմը պաշտպանում էր այլ թեկնածուի: Ինչու՞՝ չխորանանք:

Մայիսի 21-ին Արայիկ Հարությունյանն ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երդմնակալության արարողությունը կազմակերպելով Շուշիում: Աննախադեպ քայլ, որից Ադրբեջանում մինչ այժմ ուշքի չեն գալիս: Աննախադեպ էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Մինչ այդ Հայաստանի առաջնորդներից ոչ ոք Արցախի նախագահի երդմնակալությանը ներկա չի գտնվել: Սրանք ազդակնե՞ր են միջազգային հանրությանը, միջնորդներին: Անշուշտ:

Հետեւեց եւս մի նշանային իրադարձություն. Երեւանում գումարվեց երկու երկրների ԱԽ համատեղ, թվով արդեն չորրորդ նիստը: Հայաստան-Արցախ հարաբերություններում՝ նույնպես աննախադեպ երեւույթ, որից  հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը 12,6 միլիարդ դրամ հավելյալ  բյուջետային վարկ է տրամադրում Արցախին:

Հետեւեցին նախագահ Հարությունյանի հանդիպումները Քարվաճառի, Քաշաթաղի, Մարտունու եւ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարների հետ: Հայտարարվեց, որ ընթացիկ տարում կասֆալտապատվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց մինչեւ Քարվաճառ շրջկոնտրոն 18 կիլոմտերանոց ճանապարհը, կտրվի Արցախը Հայաստանին միացնող երրորդ ռազմավարական նշանակության մայրուղու կառուցման մեկնարկը, կսկսվի Սարսանգի ջրամբարից ոռոգման համակարգի եւ կասկադային հէկ-երի կառուցումը: Կառավարությունը կգործարկի համայնքներում ենթակառուցվածքների արդիականացման, երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խոշորածավալ ծրագիր, կօպտիմալացվի ներդրումային եւ վարկային քաղաքականությունը:

Երկու օր առաջ նախագահ Հարությունյանը մասնակցեց ՊԲ զորավարժություններին եւ հստակ հայտարարեց, որ արտաքին քաղաքականության օրակարգ է բերում Արցախի 1000 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերադարձի հարցը:

Մինչ այդ դարձյալ աննախադեպ հայտարարություն էր արել Հայաստանի ԱԳՆ-ն՝ Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ:

Արցախի անվտանգությամբ, բարեկեցությամբ եւ ապագայով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք կարող է համադրել այս տեղեկությունները եւ գալ տրամաբանական եզրահանգման:

Բայց որպեսզի դա տեղի չունենա, որոշ շրջանակներ  ընդհանուր կոնտեքստից կտրում են մի հանդիպում, միտումնավոր աղճատում այդ մասին տեղեկատվությունը եւ փոթորիկ բարձրացնում, որ Արման Բաբաջանյանը «թուրքական ազդեցության գործակալ է»։

Բաբաջանյանը 1in.am-ի հիմնադիրն ու սեփականատերն է նախկին իշխանության ժամանակներից: Իշխանություն, որ Հայաստանում եւ Արցախում վերջին «հավաբնի» տեղը գիտեր, սեփականատիրոջ կյանքի նույնիսկ կենցաղային մանրամասնություններն էլ: Ինչու՞  չեն բացահայտել «գործակալական ցանցը» եւ նրան պատասխանատվության չեն ենթարկել:

Արցախյան կարգավորման հարցում Արայիկ Հարույթյունյանի մոտեցումները հրապարակայնացված են որպես յոթ սկզբունքներ, իսկ նրա կառավարության առաջին քայլերը հուշում են, որ խնդիրը դիտարկվում է աշխարհաքաղաքական միտումների համատեքստում՝ նպատակ ունենալով ավելի բարձր մակարդակի անվտանգություն, տնտեսական զարգացում եւ սոցիալական բարեկեցություն ապահովել հայկական երկրորդ պետության համար:  Իսկ դա ռեւանշիստական ծրագրի վերջն է»։

  • Կիսվել: