ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի նախագահի և ՀՀԿ-ի միջև հեռահար բանավեճը սաստկանում է

Արցախի նախագահի և ՀՀԿ-ի միջև հեռահար բանավեճը սաստկանում է

Արցախի նախագահի և ՀՀԿ-ի միջև հեռահար բանավեճը սաստկանում է։ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը կրկին արձագանքել է ՀՀԿ գործիչների կողմից ԱՀ նախագահի հասցեին հնչող վիրավորամքներին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Չնայած դիսկուրս չծավալելու իմ հորդորին՝ ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները և Արցախի նախագահի հասցեին անձնական վիրավորանքներ արտահայտող բառապաշարի օգտագործմամբ հասան մինչև հատակը: Հրամա՞ն էին ստացել, թե՞... Եվ դա այն դեպքում, երբ նախագահ Հարությունյանն իր խոսքում անձնապես չի վիրավորել որևէ մեկին: Ասում են՝ ճշմարտությունը մերկ է, և օբյեկտիվ իրականությունը գուցե հաճելի չէր շատերի ականջին, բայց ո՞ւր մնացին մարդկային դաստիարակության տարրական կանոնները:

Պարոնա՛յք, անկախ ձեր վարքից, բարեկրթության աստիճանից, անցած ուղուց, ժողովրդի հանդեպ իրագործած անհատական և կամ թիմային մեղքերից, այդ թվում՝ Արցախի հանդեպ «վասալական» վերաբերմունքից, որի մասին առաջիկայում հավանաբար առիթ կստեղծենք անդրադառնալու, միևնույն է՝ դուք էլ ունեք մարդկային արժանապատվություն և ընտանիքի անդամներ. ուստի, ի տարբերություն ձեզ՝ մենք չենք պատրաստվում իջնել հատակը, հույսեր չփայփայե՛ք...

Առանձին-առանձին չեմ անդրադառնա այդ արձագանքներին, քանի որ դրանց հեղինակներն այդ կերպ ընդամենը ցույց են տվել իրենց քաղաքական մտքի ու փորձառության սնանկությունը: Ընդամենն արձանագրում եմ, որ եթե սույն գրառմանս տակ էլ շարունակեք փնթի կերպով նույն մեկնաբանությունը տարբեր կեղծ օգտատերերի անուններով մի քանի անգամ հրապարակել, կրկին արգելափակելու եմ»։

Հիշեցնենք, որ Հարությունյանը իր հարցազրույցում պնդել էր, որ 2016 -ի ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի երկինքը անպաշտպան էր, քանզի հայկական ԶՈւ-ն չուներ համապատասխան քանակի ՀՕՊ համակարգեր։ Դա վրդովվեցրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ հորդորել էր Հարությունյանին չանցնել բանականության և բարոյականության սահմանները։

  • Կիսվել: