երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ՄԻՊ-ը մտածում է աշխատանքը թողնելու և առաջնագիծ գնալու մասին (տեսանյութ)

Արցախի ՄԻՊ-ը մտածում է աշխատանքը թողնելու և առաջնագիծ գնալու մասին (տեսանյութ)

Եկե՛ք մտածենք ինքներս մեր ուժերի վրա հույս դնելու մասին։ Եկե՛ք մեր աչքը դրսում չպահենք։ Եկե՛ք չմտածենք, որ կողքից ինչ-որ մեկը պետք է գա, մեզ օգնի, որ մենք կարողանանք մեր տունը, մեր հայրենիքն ու իրավունքները պաշտպանել։ Այս մասին այսօր ուղիղ եթերում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

՛՛Եկե՛ք մեկ բռունցք դառնանք, եկե՛ք միավորվենք մեր դիրքապահ տղաների կողքին, ով կարող է զենք վերցնել, թող զենք վերցնի, որ կարողանանք հավետ ունենալ մեր հայրենիքն ու արժանապատվությունը, այլապես կկորցնենք մեր հայրենիքը և ջուրը կլցնենք մեր նախկին բոլոր զրկանքները։

Մենք դիրքապահ տղաների, ամուր կանգնողների և հայրենիքը պաշտպանողների կարիք ունենք։

Մենք «Ֆեյսբուքում» մեկնաբանություններ գրողների և խրախուսողների կարիք չունենք։

Մենք պետք է առավելագույն ջանքերը գործադրենք ինքներս մեր ներուժով, որ կանգնենք հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ հանուն մեր ապագա խաղաղության, հանուն մեր արժանապատվության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության։

Ով չի կարողանում դիրքերում կանգնել, թող թիկունքում հնարավորինս պաշտպանի հայրենիքը՝ բժիշկներ, փրկարարներ, ենթակառուցվածքների սպասարկողներ և այլն։

Պարզապես ոգի տվողները, պարզապես հետաքրքրվողները, թե սահմանին ինչ է կատարվում, բայց մատը մատին չտվողները մեր հայրենիքը չեն պաշտպանում՛՛,-նշեց նա։

Ապա ՄԻՊ-ը մեջբերեց Մոնթեի հայտնի խոսքերը. ՛՛«Եթե կորցնենք Արցախը, մենք շրջելու ենք հայոց պատմության վերջին էջը»։ Սա հանճարեղ Մոնթեն է ասել։ Միգուցե վերջին էջը չլինի, նախավերջինը լինի…

Այս օրերին ինքս եմ մտածում մարդու իրավունքների առաքելությունս դադարեցնելու և ՊԲ շարքերում կցագրվելու մասին՛՛։

 

  • Կիսվել: