ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի է. Մասիս Մայիլյան

Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի է. Մասիս Մայիլյան

Արցախում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովում Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ասաց, որ համաժողովի անցկացման գաղափարը ծնվել է մոտ երկու տարի առաջ, իսկ գաղափարի իրագործումը Արցախի և ՀՅԴ-ի արդյունավետ համագործակցության արդյունքն է։

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին այն բանի համար, որ եղել են իրենց կողքին, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է։

«Դուք աջակցում եք կապերի զարգացմանը։ Ձեր ավանդը Արցախի զարգացման գործում անգնահատելի է։ Անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին։ Դրա հիմքում է հավատարմությունն ընդհանուր արժեքներին և արդարության, խաղաղության և զարգացման ձգտումը»,- նշեց նախարարը։

Մասիս Մայիլյանը հույս հայտնեց, որ քննարկման արդյունքների հիման վրա կստեղծվի մշտապես գործող հարթակ։

«Հույս ունեմ, որ դա կդառնա ուղերձ այն մասին, որ Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի է։ Մեր խորին համոզմամբ՝ մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խաղաղության հիմքն է, և մեր ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այդ հիմքի ամրապնդման համար, հանուն տարածաշրջանի խաղաղ ապագայի»,- ընդգծեց Մասիս Մայիլյանը։ 

  • Կիսվել: