շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախի խորհրդարանում շարունակում են աշխատել տարբեր քաղաքական-հասարակական կազմակերպությունների անդամներ. Արթուր Թովմասյան

Արցախի խորհրդարանում շարունակում են աշխատել տարբեր քաղաքական-հասարակական կազմակերպությունների անդամներ. Արթուր Թովմասյան

Զանգվածային լրատվության որոշ միջոցներ սկսել են ապատեղեկատվություն տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում իրականացվող կադրային քաղաքականության վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Հրապարակավ տեղեկացնում եմ հանրությանը, որ լրագրող Անի Ավանեսյանը հասարակական հիմունքներով աշխատում է որպես Ազգային ժողովի նախագահի օգնական՝ ոլորտում փորձ ձեռք բերելու և միաժամանակ, իր մասնագիտական որակները համակարգում ի սպաս դնելու նպատակով, անկախ այն փաստից, որ վերջինս իմ հարսն է։ Անի Ավանեսյանը, նախ, իր բնագավառում կայացած մասնագետ է։

Հասարակական հիմունքներով աշխատանքը թույլ է տալիս սեփական նախաձեռնությամբ ձեռք բերել մասնագիտական փորձ տվյալ բնագավառում։

Ինչ վերաբերում է այսպես կոչված կադրային ջարդ իրականացնելուն, այստեղ ևս պետք է հիասթափեցնեմ. մինչ իմ՝ պաշտոնին անցնելը, աշխատանքից հեռացել են չորս հոգի՝ սեփական դիմումի համաձայն, և նրանց հետ ունեմ շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ։

Արցախի խորհրդարանում շարունակում են աշխատել տարբեր քաղաքական-հասարակական կազմակերպությունների անդամներ, ինչը նպաստում է խորհրդարանի պատերից ներս այլակարծության և ազատ մտքի դրսևորմանը։ Անգամ իմ քարտուղարուհիները, վարորդն ու թիկնապահները չեն փոխվել։

Սիրելի՛ հայրենակիցներ, ես կողմ եմ թափանցիկ կառավարմանն ու պաշտոնավարմանը, ուստի միշտ ձեզ հետ լինելու եմ անկեղծ և երկխոսության համար չափազանց հասանելի։

Ծանոթ-խնամի-բարեկամ ենթատեքստի տակ վախենամ կընկալեք նաև ռուսաստանաբնակ բարերար, իմ ազգական Համլետ Վաչենանցի հետ համագործակցությունը, ով երեկ ինձ հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ պատրաստվում է շարունակել ներդրումների ծրագիրն Արցախում՝ Ստեփանակերտում բացելով 250 աշխատատեղանոց ծխախոտի գործարան, իսկ Ճարտար քաղաքում՝ 100 աշխատատեղ ունեցող կարի ֆաբրիկա՝ այդ ծրագրերին ուղղելով 20 միլիոն դրամ»,- գրել է Ա. Թովմասյանը։

  • Կիսվել: