«Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու»․ Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց հայտարարությունը
Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց հայտարարության նախագիծը, որն այսօր գումարված արտահերթ նիստում դրվել էր քվեարկության։
Արցախի Ազգային ժողովի հայտարարությունում, մասնավորապես, նշված է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որի մեջ նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահամանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։