երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի կառավարությունը որոշել է դիմել միջազգային կազմակերպություններին՝ միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար

Արցախի կառավարությունը որոշել է դիմել միջազգային կազմակերպություններին՝ միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար

Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված` «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում, որը ներկայացվում է ստորև.

«Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: