հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է. Արիկ Գևորգյան

Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է. Արիկ Գևորգյան

«Ապագա հայկականը»  առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 93.7 տոկոսը, կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» առաջին համաժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ ամերիկահայ  Արիկ Գևորգյանը՝ ամփոփելով համաժողովի առաջին օրվա քննարկումների արդյունքները:

«Մտահոգություններից առաջինը Արցախի հարցն է, դա իմ, քո, մեր մտահոգությունն է, յուրաքանչյուր հայի մտահոգությունն  է, որ Արցախը մեր մի մասնիկն է, Արցախը Հայաստանն է»,-ասաց նա՝ հավելելով, որ  ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար ստանձնի Արցախի պատասխանատվությունը և չթողնի խնդիրը միայն պետության և Հայաստանի քաղաքացիների, առավել ևս՝ արցախցիների ուսերին:

Հայ ազգը չպետք է վախենա հաղթանակներից: Արիկ Գևորգյանը նշեց նաև, որ մասնակիցների 31 տոկոսը քվեարկել է այն տեսակետի օգտին, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը մինչև օրս պետության, համայնքների, հայկական կազմակերպությունների  և անհատների կողմից արդյունավետ են եղել, սակայն այսօր համահայկական ջանքերն ավելի շատ պետք է ուղղել անվտանգային խնդիրների լուծմանը:

Եվս 31 տոկոսը գտնում է, որ դրանք ոչ այնքան արդյունավետ են եղել և անհրաժեշտ են շտկումներ: «Հաջորդ հարցը Հայաստանի հետ ոչ տուրիստական, այլ կենսական կապի ամրապնդումն է: Քննարկվում է այն հարցը, որ Սփյուռքին չնայենք այն աչքով, որ  30 տարի աջակցություն է ցուցաբերել, իսկ  մեր հայրենիքին էլ «մուրացկան» չմեծացնենք, այլ այնպես անենք, որ Սփյուռքը Հայաստանի զարգացման հարցում դերակատար լինի և՛ դրամով, և գիտելիքներով, և՛ ռեսուրսներով, ու դրանով էլ իրեն զգա հայրենիքի մի մասնիկը, քանի որ Հայաստանը իմը, քոնը և նրանը չէ՝ այլ մերն է»,- եզրափակեց Գևորգյանը:

  • Կիսվել: